ՀՀ գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի միջեւ նոր կռիվ է հասունանում: Գաղտնիք չէ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր քննիչներին անկախ եւ ինքնուրույն է պահում, ինչն էլ դուր չի գալիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, եւ նա չի կարողանում քննիչների նկատմամբ որեւէ կոշտ քայլ ձեռնարկել: Եվ, ահա, իրավիճակից դուրս գալու համար ՀՀ գլխավոր դատախազը որոշել է այլ տիրույթում պայքար տանել եւ օրենքով հասնել քննիչների հանդեպ առավելության: Մասնավորապես. ՀՀ գլխավոր դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել եւ դատախազի միջնորդագրի հիման վրա քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը դարձնել պարտադիր: Բանն այն է, որ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունների քննարկումը վերապահված է միայն Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին, եւ շատ դեպքերում դատախազության կողմից միջնորդությունները պարտադիր կատարման հիմք չէին հանդիսանում:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ` հասկանալու համար՝ կիսում է արդյոք նա քննիչների այն կարծիքը, որ դատախազներն ամեն ինչ անում են քննիչներին իրենց ենթարկեցնելու համար: «Ես կարծում եմ` դրա անհրաժեշտությունը չկա. միանշանակ մի այլ գերատեսչությունը մեկ այլ գերատեսչության ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք չունի»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը: Սա նշանակում է, որ գլխավոր դատախազի առաջարկը ընդունելի չէ Քննչական կոմիտեի համար: Հետաքրքիր է՝ ինչով կավարտվի միջգերատեսչական «բազմադարյա» հակամարտությունը:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան չի հայցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հայտարարություն արեց նրա քեռու դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Նա ընդգծեց, թե խոսքը ոչ թե քաղաքական ապաստանի, այլ միջազգային պաշտպանության մասին է: Վարչական դատարանի դատավորը նաեւ նշեց, թե իր տրամաբանությամբ պետք է պաշտպանություն տրամադրելու որոշում կայացվի, եւ արտահանձնումը մերժվի: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քրոջից հետաքրքրվեցինք` արդյոք ամոթ չէ, որ մեր երկրի գեներալն այլ երկրից է պաշտպանություն խնդրում: Մեր դիտարկմանն ի պատասխան` Անի Հարությունյանը նշեց. «Գիտե՞ք, ամոթը եւ վախերը ամենասխալ խորհրդատուներն են. երբեք չպետք է քայլերդ կառուցես` ելնելով նրանից, թե ով ինչ կմտածի: Իր կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ առանց վերապահումների իմ կողմից ընդունվելու է: Չեմ համարում, որ ամոթ է, համենայնդեպս, ոչ այս իրավիճակում»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում շարունակվում է թեժ քննարկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի ընտրության տապալումը: Խմբակցության գերակշիռ մեծամասնությունը չի պատկերացրել, թե ինչպես հաջողվեց ձախողել գործընթացը, քանի որ ի սկզբանե բոլորին հրահանգված էր մասնակցել քվեարկությանը: Պատգամավոր Էդգար Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ձախողման մեջ դերակատարում ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը. «Կարծես թե հայտարարվեց, որ մենք իրենց թեկնածուին մերժել ենք ու իրենք էլ նման կերպ են վարվում: Գիտեք չէ՞, 90-ականներին մի խոսք կար` «աբառոտկա ֆռալ», սա դրան է նմանվում ու շատ անլուրջ է»: Ապա հավելեց. «Մենք Աննա Մարգարյանին մեր հոր տնից չէինք բերել, նա ո՛չ մեր կուսակիցն է, ո՛չ նրա հետ ճանապարհ ունենք անցած, ո՛չ մեր «հորքուրի գանձն» է…»: Ահա այսպիսի «հորքուրի գանձի» մակարդակով էլ իշխող 88 հոգանող խմբակցությունը 66 կողմ ձայն կարողացավ ապահովել իրենց իսկ առաջադրած թեկնածուի համար:
Երբ դեռ նոր էր ձեւավորվում յոթերորդ գումարման խորհրդարանը, բոլորն այն տեսակետն էին արտահայտում, թե այս խորհրդարանը տարբերվելու է նրանով, որ պատգամավորներն ակտիվ գործունեություն են ծավալելու: Ուսումնասիրելով ԱԺ 132 պատգամավորների գործունեությունը մինչ այժմ` տեսնում ենք, որ, ընդհանուր առմամբ, բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչներն էլ, իհարկե, աչքի են ընկնում ակտիվ գործունեությամբ, ակտիվ են թե՛ հանձնաժողովի նիստերին, թե՛ լիագումար նիստերին, եւ հենց դա է պատճառը, որ, օրինակ, կառավարության հետ հարցուպատասխանը եւս բավականին երկար է տեւում, եւ անգամ 40-ից ավելի պատգամավորներ են գրանցվում կառավարության անդամներին հարց տալու համար: «Իմ քայլ»-ում ոչ ակտիվ պատգամավորները 10-ն են, ԲՀԿ-ում` 7-ը, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պարագայում գրեթե բոլորն էլ ակտիվ են: Եվ, թերեւս, դա էլ է օրինաչափ, քանի որ, ամեն դեպքում, «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր:
ՍՊԱՍԵԼԻ ԼՈՒՐ
ՀՀ կառավարության վերջին նիստը հագեցած էր լավ լուրերով, որոնց հայ հասարակությունը երկար է սպասել: Պարզվեց, որ վերջապես ՀՀ-ում եկել է մի իշխանություն, որը ցանկանում է վերացնել «աղետի գոտու շահառու» հասկացությունը: «Այդ գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը կհատկացնի 3 միլիարդ դրամ: Նախատեսվում է 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության», – նախօրեին հրավիրած 100-օրյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այլեւս տնակներում ապրող համաքաղաքացիներ չենք ունենա:
Հիշեցնենք, որ նախորդ իշխանությունները տարիներ շարունակ խոսել են աղետի գոտու մասին, հանգանակություններ ու ծրագրեր ուղղորդել դեպի երկրաշարժից տուժած բնակավայրեր, հատկապես` Շիրակի մարզ, սակայն ամեն տարի մենք ականատես էինք լինում, որ անօթեւան քաղաքացիների թիվն ամենեւին չի նվազում մեր երկրում: Համենայնդեպս նրանց դժգոհությունները չէին մեղմվում, Շիրակի մարզի բնակչությունը մշտապես իշխող ՀՀԿ-ին ամենաքիչ ձայներն էր տալիս՝ ի պատասխան իշխանությունների վերաբերմունքին դեպի աղետի գոտի:
Իսկ եթե իրավիճակը թվային լեզվով ներկայացնենք, ապա պիտի հիշենք, որ 2015 թվականին անօթեւան 43 ընտանիք է ապահովվել բնակարանով, 2016-ին՝ 287: Առ այսօր բնակարանի խնդիր ունեցող շուրջ 550 ընտանիք շարունակում է մնալ, ըստ էության, անօթեւանի կարգավիճակում: Համեմատենք նաեւ հետեւյալ թվերը. Վերմիշյանը հայտարարեց, որ աղետի գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը կհատկացնի 3 միլիարդ դրամ, իսկ ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նախորդ տարի հայտարարեց. «2017 թվականի բյուջեով նախատեսվել է 560 միլիոն դրամ Գյումրի քաղաքում աղետի գոտու ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար»: Այսինքն՝ նախկին իշխանությունները 1988-ից մինչ օրս գնացել են խնդրի փուլային, երկարաձիգ ու դժվար լուծման ճանապարհով, սակայն այսօր խնդիր է դրված փաթեթով հարցը կարգավորել եւ վերջ: Հուսանք՝ ծրագիրը առաջիկայում իրականություն կդառնա, ու մենք ազգովի կմաքրենք «աղետի գոտի» հասկացության ամոթալի խարանը մեր ճակատից: