ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱԿՏԻՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից օրվանից` հունվարի 14-ից մինչեւ հուլիսի 1-ը տեղի է ունեցել երկու նստաշրջան եւ, իհարկե, արտահերթ նիստեր: Երբ դեռ նոր էր ձեւավորվում խորհրդարանը, բոլորը հենց այն տեսակետն էին արտահայտում, որ այս խորհրդարանը տարբերվելու է նրանով, որ բոլոր պատգամավորներն ակտիվ գործունեություն են ծավալելու:

Ուսումնասիրելով ԱԺ 132 պատգամավորների գործունեությունը մինչ այժմ, տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ բոլոր երեք խմբակցությունների ներկայացուցիչներն էլ աչքի են ընկնում ակտիվ գործունեությամբ. ակտիվ են թե՛ հանձնաժողովի նիստերին, թե՛ լիագումար նիստերին, եւ հենց դա է պատճառը, որ, օրինակ, կառավարության հետ հարցուպատասխանը եւս բավականին երկար է տեւում, եւ, օրինակ, 40-ից ավելի պատգամավոր են գրանցվում կառավարության անդամներին հարց տալու համար:
Սակայն, ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով նրանց գործունեությունը` պարզ է դառնում, որ հենց իշխող «Իմ քայլը» խմբակցությունում են ավելի շատ այնպիսի պատգամավորները, որոնք այնքան էլ ակտիվ չեն, ընդ որում` ոչ միայն ելույթների, հարցերի, այլ նաեւ լրատվամիջոցներին հարցազրույցներ տալու առումով: Եվ, թերեւս, դա էլ է օրինաչափ, քանի որ, ամեն դեպքում, «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր, եւ նրանց մեջ քչերն են` մոտ մեկ տասնյակ պատգամավոր, որոնք այնքան էլ ակտիվ չեն եւ այս ընթացքում բավարարվել են, օրինակ, որեւէ զեկուցողի մեկ հարց տալով եւ ելույթ էլ չեն ունեցել, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք ո՛չ հարց են տվել, ո՛չ էլ ելույթ ունեցել:
Օրինակ` նրանցից են չորրորդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վարդան Աթաբեկյանը, թիվ 5 ընտրատարածքից Տաթեւիկ Գասպարյանը, նույն ընտրատարածքից Սեդրակ Թեւոնյանը, թիվ 6 ընտրատարածքից Արգիշտի Մեխակյանը, թիվ 1 ընտրատարածքից Երջանիկ Հակոբյանը, ինչպես նաեւ Վահե Հովհաննիսյանը, որը «Առաքելություն» կուսակցության հիմնադիր անդամ է. նրանք նաեւ ակտիվ չեն լրատվամիջոցների հետ շփման առումով եւ հարցազրույցներով գրեթե աչքի չեն ընկել: Իսկ, օրինակ, Արագածոտնի մարզից պատգամավոր ընտրված Մաթեւոս Ասատրյանը, Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Արտաշես Պետրոսյանը միայն հարցեր են ուղղել, իսկ ելույթներ` ոչ: Իսկ, օրինակ, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանն էլ իր առաջին ելույթը ունեցավ միայն վերջերս` հունիսի 26-ին: Այսպիսով, ընդհանուր առմամբ, պատգամավորներն ակտիվ են:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության 26 պատգամավորներից պասիվ են 7-ը: Եվ ուշագրավ է, որ այս խորհրդարանում ելույթ ունեցավ անգամ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն կան պատգամավորներ, որոնք ակտիվ չեն: Նրանք են Արայիկ Աղաբաբյանը, Էդուարդ Բաբայանը, Քաջիկ Գեւորգյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը, Սողոմոն Սողոմոնյանը, Տիգրան Ստեփանյանը: Ընդ որում, այս պատգամավորներից 4-ը նախկին գումարման խորհրդարանում եւս եղել են եւ կրկին աչքի չեն ընկել ակտիվ գործունեությամբ:
Իսկ, ահա, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ամենաակտիվներն են, եւ դա էլ է օրինաչափ. ի վերջո այս խմբակցությունն ունի 18 պատգամավոր եւ ամենափոքրն է: Ընդհանուր առմամբ, խմբակցության բոլոր պատգամավորներն էլ հարցեր, ելույթներ, հարցազրույցներ ունեցել են, եւ համեմատաբար պասիվ են միայն Սարիկ Մինասյանը, Էդվարդ Անդրեասյանն ու Ռուբիկ Ստեփանյանը:
Սակայն ինչպես նախորդ գումարումների խորհրդարանների դեպքում, այնպես էլ այս խորհրդարանում կան առանձնացված ակտիվ պատգամավորներ բոլոր խմբակցություններից էլ, որոնք բոլորից շատ են ելույթներ ունենում խորհրդարանում եւ հարցեր հնչեցնում: Նրանք նաեւ ակտիվ են լինում օրենսդրական առումով եւ նաեւ ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ: Այս խորհրդարանը նաեւ տարբերվում է նրանով, որ անընդհատ բացակայող պատգամավորները, հատկապես` իշխող խմբակցության կողմից, քիչ են: Իսկ բացակայությունների հիմնական պատճառն էլ լինում են գործուղումները:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՐԵԼ Է
«Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ «Սեքյուրեթի Դրիմ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե վճարել է 271 մլն 971 հազար դրամ հարկ ու տուրք: Ընկերությունը զբաղեցրել է ցանկի 145-րդ տեղը: Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն ընկերությունը պետական բյուջե վճարել է 182 մլն 877 հազար դրամ հարկ ու տուրք` զբաղեցնելով 171-րդ տեղը: Այսինքն` 89 մլն 94 հազար դրամով ավելացրել է հարկերը: Ենթադրվում է, որ վարորդներից իրականացվող բռնագանձումներից «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա համեմատ, ավելացել են:

 

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 1-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Գրիգոր Գրիգորյանը` պահանջելով, որ դատարանը ստիպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հունիսի 20-ի որոշումը վերացնել: Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Խուլերի միավորման նախագահն է: Հավելենք նաեւ, որ տեւական ժամանակ է` Հայաստանի խուլերի միավորման գլխին սեւ ամպեր են կուտակվել: Խուլ ու համրերը պահանջում են միավորման նախագահի հրաժարականը, իսկ, ահա, Գրիգոր Գրիգորյանը հեռանալու հիմքեր չի տեսնում: Ի դեպ, Հայաստանի խուլերի միավորման շուրջ ստեղծված խնդրի մասով էր, որ 2019 թվականի փետրվարի 14-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, եւ նրա լիազորությունները դադարեցվեցին:

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ԱԶԱՏՎԵՑ
2 տարի անց գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Գեւորգ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին իրավապահները ձերբակալել էին ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանին, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանին, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանին, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանին ու Էդվարդ Քառյանին, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձանց: Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոնշյալ անձինք ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Այս գործը գտնվում է դատարանում, եւ դեռեւս դատարանը վճիռ չի հրապարակել:

 

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության եւ, մասնավորապես, Երեւանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Շոշափվել են ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում` ԵԱՏՄ եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

 

 

 

 

772.5 ՄԼՆԻ ՎՆԱՍ
2018թ. հունվարի 1-ից մինչեւ 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 166 քրգործ: Ըստ Գլխավոր դատախազության` դրանցից 151-ը կապված են սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, 6-ը` կենսաթոշակների տրամադրման եւ 9-ը` բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի հետ: Նշված հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է 772.5 մլն դրամ, որից այս ընթացքում վերականգնվել է մոտ 139 մլն դրամը:

 

 

 

 

ԹԵՄԻ ՏԵՂԱՊԱՀ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետի պաշտոնից, նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:

 

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
Բելառուսի պաշտպանության նախարարի հրավերի համաձայն` ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտի դրոշակակիրները կմասնակցեն Մինսկի ազատագրման 75-րդ տարեդարձի եւ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ հուլիսի 3-ին Մինսկում կայանալիք ռազմական շքերթին:

 

 

 

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն` ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ` ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների եւ առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի եւ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը:

 

 

 

 

ՀԱՐՑԵՐ
Հայաստանում ռուսերենի իմացության մակարդակը հարցեր է առաջացնում: Այս մասին ասել է ՄՊՀ ռեկտոր Վիկտոր Սադովնիչին: Ռեկտորն ընդգծել է այն կարեւորությունը, որ ռուսերենը` որպես ազգամիջյան հաղորդակցման լեզու, չի կորցրել հետաքրքրությունը Հայաստանում: ՄՊՀ ռեկտորն ավելացրել է, որ այս 4 տարիներին Երեւանի մասնաճյուղ գործուղվել է 500 պրոֆեսոր, եւ նրանք բոլորն իրենց հետքն են թողել բուհի գործունեության վրա: Նշենք, որ երեկ տեղի է ունեցել Մոսկվայի պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղի շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությունը:




Լրահոս