ԿՍԱՀՄԱՆՎԻ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՍԻԳԻ, ԽԵՑԳԵՏՆԻ ՈՐՍԻ ԿԱՐԳԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է կանոնակարգել Սեւանա լճում խեցգետնի եւ ձկան որսը: Այս մասին նախարարությունը նախագիծ է մշակել եւ շրջանառության է դրել: Ըստ նախագծի` Սեւանա լճում կկանոնակարգվի ձկան եւ խեցգետնի պաշարների ոչ միայն վերականգնումը, այլեւ կսահամանվի դրանց որսի քանակների ձեւերն ու կազմակերպման կարգը:

Բանն այն է, որ ներկայումս գործող իրավական ակտերը լիարժեք չեն կարգավորում Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաեւ դրանց պաշարների որոշման, ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձեւերի եւ կազմակերպման գործընթացները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շրջակա միջավայրի նախարարությունն առաջիկայում կարգելի ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս եւ ցանցավանդակի չափը 100 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 50 մմ-ից պակաս) ցանցերով: Ի դեպ, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վերջերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ արգելվելու է չինական ցանցերն օգտագործել ձկնորսության համար, քանի որ ԵԱՏՄ կարգավորումներ կան, ըստ որի` 50 միլիմետրից ավելի պակաս ցանցի ծավալով որսը չի թույլատրվելու: Նշենք, որ այս տեղեկությունը ՊԵԿ-ին է փոխանցել նախարարությունը, ՊԵԿ-ն էլ պետք է արգելի ներմուծումը ոչ միայն մաքսային կետով, այլեւ դրանց իրացումը Հայաստանում առկա վաճառքի կետերում: Բանն այն է, որ դրանք մի քանի անգամ որսունակություն են բարձրացնում եւ որսում են բոլոր չափի առանձնյակներին:
Ինչպես հայտնի է, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այս տարվա համար Սեւանա լճում որսի համար թույլատրելի չափը կսահմանի 150 տոննա: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սիգ ձկնատեսակի որսը կիրականացվի դնովի ցանցերով Մեծ Սեւանի ամբողջ տարածքով` ափից առնվազն 500 մ հեռավորության վրա: Բացի այս, կթույլատրվի իրականացնել սիգ ձկնատեսակի 500գ-ից ավելի առանձնյակների որս: Մյուս կողմից` նկատենք, որ խեցգետնի բազմացման ժամանակահատվածում Սեւանա լճում արգելվում է խեցգետնի որսը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ տարածքը տնօրինողի (ըստ ՇՄՆ-ի` հսկողության աշխատանքներն իրականացվում են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից) կողմից պետք է իրականացվի լողամիջոցների մուտքի եւ ելքի տեղամասերի ստեղծում եւ կարգավորում, կազմակերպում օրվա լուսային ժամերին: Նաեւ որսի ժամկետների եւ չափաքանակների նկատմամբ հսկողություն պետք է իրականացվի, որսի քանակական եւ որակական հատկանիշները պետք է գրանցվեն եւ հաշվառվեն: Ավելին, տարածքը տնօրինողը պետք է խիստ հսկողություն սահմանի Սեւանի ավազանի սահմաններում աճեցվող ձկնատեսակների, ինվազիվ կենդանատեսակների նկատմամբ: Իսկ, ահա, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է իր պաշտոնական կայքում պարբերաբար տեղադրի տվյալ տարվա համար սահմանված արդյունագործական պաշարի սպառված չափաքանակների եւ կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկություն: Ի դեպ, նշենք, որ Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի պաշարների, արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակները սահմանում է կառավարությունը: Նշենք, որ Սեւանա լճում արդյունագործական նպատակներով ձկան եւ խեցգետնի որս իրականացնել ցանկացողները նախքան սահմանված կարգով լիազոր մարմին հայտ ներկայացնելը շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ են ներկայացնում դիմում, որի մեջ նշվում են`
1) օգտագործման ենթակա տարածքի վայրը,
2) տարածքի օգտագործման ժամանակահատվածը,
3) լողամիջոցի տեսակը եւ նկարագիրը,
4) լողամիջոցի սեփականության եւ սարքինության վիճակի մասին տեղեկանք,
5) որսագործիքների տեսակը եւ նկարագիրը,
6) տեղորոշման սարքի (GPS) տվյալները,
7) ձկնորսների քանակը եւ անձնագրային տվյալները,
8) որսի քանակը:
Եթե փաստաթղթերը համապատասխանում են պահանջներին, երեք աշխատանքային օրվա ընթացքում տարածքը տնօրինողը հայտատուին տրամադրում է Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի իրականացման վերաբերյալ գրավոր համաձայնություն, որի մեջ նշվում են օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը, տարածքի օգտագործման ժամանակահատվածը, տեղորոշման սարքի տվյալները, լողամիջոցները, որսագործիքների տեսակը, նկարագիրը եւ քանակը, ձկնորսերի քանակը եւ անձնագրի տվյալները, որսի իրականացման ժամանակահատվածը եւ որսի քանակը:
Ըստ շրջակա միջավայրի նախարարության` պայմանագիրը կնքվում է 3 օրինակից` յուրաքանչյուր կողմին մեկական օրինակ, իսկ մեկ օրինակը տարածքը տնօրինողին տրամադրում է օգտագործողը: Պայմանագրի կետերի կատարման հսկողությունն իրականացնում է տարածքը տնօրինողը, իսկ որսի վերահսկողությունն իրականացնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը:
«Ժողովուրդ» օրաթերթը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանից հետաքրքրվեց` արդյոք ՊՈԱԿ-ն ունի նախատեսված աշխատանքային ռեսուրսը, որով կկարողանա վերահսկել սիգի արյունագործական որսը: Հարցին ի պատասխան` Գուլանյանն արձագանքեց. «Միանշանակ բավարար է: Բացի այն, որ աշխատանքային ռեսուրսը բավարար է, այստեղ նաեւ պատասխանատվության գործոն կա, որպեսզի որսը վերահսկելի դառնա: Պարկը ժամանակին որսահսկիչներ է ունեցել: Ինքը` վատ որսահսկիչը, բերելու է նրան, որ դա չվերահսկվի: Ազգային պարկն ունի 200 աշխատող, որից 140-ը զբաղված են պահպանության գործով»:
Այստեղ հարց է առաջանում. ո՞վ է վերահսկելու տեսուչներին: Չէ՞ որ հնարավոր է, որ որսահսկիչը ձկնորսի հետ հանցավոր համաձայնության գա եւ թաքցնի որսի իրական չափն ու քանակը:
Մեզ մնում է հուսալ, որ խեցգետնի որսի թույլտվության ավելի շատ չափաքանակ չի լինի: Չէ՞ որ նախկին նախարարների «թեթեւ ձեռքով» է գերորս տեղի ունեցել, ինչի հետեւանքով Սեւանա լճում խեցգետնի պաշարները զգալի նվազել են, եւ տարիներ են պետք, որպեսզի դրանք վերականգնվեն: Ասել է թե` ունքը շինելու փոխարեն աչքն էլ չհանեն:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով նվազում են:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 18 մլն 830 հազար 800 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 31 մլն 674 հազար 600 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Իսկ ո՞ր երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. Նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 1 մլն 392 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 2800 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-ապրիլին Հայաստան եկել է 458 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա չորս ամիսներին Հայաստանը Շվեյցարիայից 9 մլն 702 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 147 հազար 400 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, այն էլ` Ուկրաինայից: Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել` 2 մլն 439 հազար դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է:
Սակայն Ռուսաստանից թե՛ այս տարվա հունվար-ապրիլին, թե՛ անցած տարվա նույն ժամանակահատվածում որեւէ մարդասիրական օգնություն չի եկել: Տեղեկացնենք, որ անցած տարվա ողջ ընթացքում Ռուսաստանից Հայաստան 542 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացվել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում զգալի նվազել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-ապրիլին Հայաստան Չինաստանից եկել է 2 մլն 974 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 689 հազար դոլար: Նկատենք նաեւ, որ Չեխիայից նախորդ տարվա չորս ամիսներին Հայաստան ստացվել է 61 հազար դոլարի մարդասիրական օգնություն, իսկ այս տարի` 0:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՎ ԾԵԾ` ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՎԱՇՏՈՒՄ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում հունիսի 19-ից ընթանում է Աբաս Հասանյանի եւ Մարտին Մաթեւոսյանի դատավարությունը: Ա. Հասանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության` Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2018թ. հոկտեմբերի 13-ին` ժամը 11:00-ի սահմաններում, այդ զորամասի հարակից տարածքում ծխելու միջոցով ապօրինի գործածել է կաննաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ պարունակող թմրամիջոց: Այնուհետեւ 2018թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 20:00-ի սահմաններում, այդ զորամասի հետախուզական վաշտի մասնաշենքի հարակից տարածքում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, իր նկատմամբ պետ հանդիսացող, զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Մարտին Մաթեւոսյանի կողմից իրեն հայհոյելու եւ իր նկատմամբ բռնություն գործադրելու համար վերջինիս աշխատասենյակում վերցրել է որպես զենք օգտագործվող այլ առարկա հանդիսացող մկրատ եւ դրանով բռնություն գործադրելու` հարվածելու սպառնալիք է տվել նրան: Մ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, 2018թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյել, ապա ծեծի է ենթարկել Աբաս Հասանյանին` պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Ա. Հասանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագով), 364. 2 հոդվածի 1-ին մասով, Մ. Մաթեւոսյանին` 358.1 հոդվածի 1-ին մասով:

 

 

 

1 ՄԼՆ 80 ՀԱԶԱՐ` ՎԱՐԴԱՎԱՌԻ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարութուն է տեղադրված մարզպետարանի կողմից «Վարդավառ» խորագրով Վարդավառի տոնին մշակութային միջոցառում անցկացնելու մրցույթի վերաբերյալ: Միջոցառումը կկազմակերպվի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում: Միջոցառման արժեքը 1 միլիոն 80 հազար 100 դրամ է, միջոցառումը նպատակ ունի վերականգնելու ազգային տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ կազմակերպելու սովորույթներն ու ավանդույթները: Այն նախատեսվում է անցկացնել հուլիսի 28-ին: Նշենք, որ Տավուշում Վարդավառը մեծամասամբ տոնում են հուլիսի 20-ից հետո` առաջին կամ երկրորդ կիրակի օրը, ընտանիքներով, բարեկամ-հարազատներով սովորաբար անտառներում գտնվող աղբյուրների տաղավարներում: Նկատենք, որ Տավուշի մարզպետարանը պարբերաբար մեծ գումարներ է հատկացնում մշակութային միջոցառումներ անցկացնելու համար, մինչդեռ մարզի սահմանամերձ շատ դպրոցների շենքեր անմխիթար կամ վթարային վիճակում են, գյուղերի բժշկական ամբուլատորիաների շենքերի ձմեռային ջեռուցման համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս