Մոսկվայում տեղի է ունեցել «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը կրող համաժողով, որին մասնակցել են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, այդ թվում` Հայաստանից: Ընդ որում, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, Հայաստանից մասնակցել է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ուշագրավն այն է, որ Հայաստանի համար ամենակարեւոր քննարկումներից մեկի ժամանակ Ազգային ժողովի պատվիրակությունից ոչ ոք դահլիճում չի եղել, անգամ խորհրդարանական ընդդիմադիրները, եւ, հետեւաբար, չեն արձագանքել ելույթներին: Մասնավորապես, խոսքն այն քննարկման մասին է, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը, ՀՀ-ին եւ Արցախը թիրախավորած, խիստ ելույթներ է ունեցել: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ստիպված է եղել միայնակ պատասխանել արդբեջանական հարձակմանը:
Նշենք, որ պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իշխանական պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Անուշ Բեղլոյանը, ԲՀԿ-ից` Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, ԼՀԿ-ից էլ` Էդմոն Մարուքյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվայում համաժողովի ժամանակ փոքրիշատե միայն ընդդիմադիր պատգամավորներն են ակտիվ եղել, մասնակցել այլ սեկցիաների, սակայն ադրբեջանական հարձակմանը անգամ նրանք ներկա չեն եղել: Պատվիրակության անդամները այնտեղ ավելի շատ առանձին եւ մասնավոր հանդիպումներ են ունեցել, եւ անգամ ռուսական կողմի ներկայացուցիչներն են տարակուսանք հայտնել հայ պատգամավորների պասիվությունից եւ նման կարեւոր նիստերը բաց թողելու փաստի առիթով:
Հավելենք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այդ նիստը բաց թողնելու վերաբերյալ զրուցել է պատվիրակության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Նարեկ Մկրտչյանը նշեց. «Այն ժամանակ, երբ թիրախավորված ելույթ է եղել, մենք, այդ թվում նաեւ` ընդդիմության պատգամավորները, մյուս սեսիաներում արդեն ելույթներ էինք ունենում կամ արդեն նախապես պայմանավորված հանդիպումների էինք: Այդ թեմայով Միրզոյանի հետ փոքրիկ զրույց ունեցել ենք»:
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում նոր կառուցվածքային փոփոխությունների ալիք է սկսվել: Եւ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հիմնականում ստեղծվում են գլխավոր վարչություններ, եւ, դրանից էլ ելնելով, նոր կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Առաջիկայում նախարարությունում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում նաեւ ղեկավար կազմից, պաշտոնից ազատումներ եւ անսպասելի նշանակումներ են լինելու: Եվ ուշագրավն այն է, որ այս փոփոխությունների ֆոնին պաշտոնից ազատել են ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ մայոր Հենրիկ Մուրադյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան ազատել են տարիքի պատճառով, տեղեկություններ կան, որ ՊՆ-ում սերնդափոխության լուրջ գործընթաց է սկսվել: Նշենք, որ Հենրիկ Մուրադյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2013 թվականի հունիսի 10-ին եւ պարկեշտ զինվորականի համարում ուներ:
Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական աշխարհում ավելի շատ հայտնի էր Մասիվցի Անդիկ կեղծանունով: Նրա սպանությունը իրարանցում է առաջացրել ինչպես քրեական աշխարհում, այնպես էլ իրավապահ համակարգում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական աշխարհում կատարվածից հետո հավաքվել են «օրենքով գողերը» եւ փորձում են հասկանալ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկ Հարությունյանին: Կարծիքներ են հնչել, որ Մասիվցի Անդիկը կասկածելի գործարքների մեջ չի եղել եւ ավելի շատ անշառ, մաքուր մարդ է եղել, եւ նրա սպանությունն իսկապես առեղծված է: Իսկ, ահա, իրավապահ համակարգը, որ 100 հոգով լծվել է սպանությունը բացահայտելու գործին, մտավախություն ունի` եթե բացահայտվի, որ սպանությունը կապ ունի գողական աշխարհում առաջացած հարց ու պատասխանների հետ, ապա հետեւանքները կարող են անխուսափելի լինել: Սակայն այս պահին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ամենահավանական վարկածն այն է, որ սպանությունը կենցաղային խնդրի հետեւանք է եղել:
Ինչպես հայտնի է, դատական համակարգում, շունչները պահած, սպասում են հուլիսի 11-ի հայտնի ժողովին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 76 դատավորի ծանուցվել է, որ իրենք ընդգրկված են ԲԴԽ անդամության թեկնածուների ցուցակում եւ մինչեւ հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու թեկնածությունից: Մեզ հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ մոտ 15 դատավոր դիմում են ներկայացրել ՀՀ դատական դեպարտամենտ, որ իրենց անուն-ազգանունները հանեն ԲԴԽ անդամ դառնալու ցանկից: Իսկ ովքե՞ր են այդ դատավորները. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ նրանք են` Գագիկ Պողոսյան, Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Վահագն Մելիքյան, Վարդան Գրիգորյան, Արտուշ Գաբրիելյան, Ռուբեն Ափինյան, Ալեքսեյ Սուքոյան, Կարինե Պետրոսյան, Վարդան Ստեփանյան, Արթուր Ադամյան, Մանվել Սիմոնյան, Մուշեղ Հարությունյան, Աղասի Մկոյան,Սուրեն Բաղդասարյան:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՍՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը երեկ հայտարարել է, որ Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին ՀՀ ԱԳՆ են կանչել պարզաբանելու համար Hetq.am պարբերականի լրագրողին վիզա չտրամադրելու հարցը: Բանն այն է, որ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծել, ինչի հետեւանքով Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար լրագրողը ստիպված է եղել մեկնել Թբիլիսի, որտեղ արագ տրամադրվել է մուտքի արտոնագիրը:
«Այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիտարկում է Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի համատեքստում»,- ասել է Նաղդալյանը` հավելելով, որ այդ գործընթացի կատարման թերացումները Հայաստանի ԱԳՆ-ի համար անընդունելի են, եւ իրենք խստորեն անդրադառնալու են այդ հարցին:
Ինչ խոսք, սպասված գործելաոճ է, որ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ՀՀ-ում գործող դեսպաններից պարզաբանումներ է պահանջում ՀՀ քաղաքացիների համար արհեստական դժվարություններ ու խոչընդոտներ ստեղծելու համար: Հատկապես ամռան այս սեզոնին, երբ մարդիկ իրենց կուտակած գումարը փորձում են ի մի բերել, գնալ որեւէ հետաքրքիր երկիր՝ հանգստանալու եւ զարգացնելու աշխարհայացքը, նման խոչընդոտները պետք է իսպառ վերացվեն: Ընդ որում, սա երկուստեք շահավետ գործընթաց է, քանի որ մեր քաղաքացիները արտերկիր են գնում՝ ինչ որ նոր, հետաքրքիր աշխարհ իրենց համար որոնելու, ինչու չէ, ուսանելու համար, մյուս կողմից էլ` հյուրընկալող երկիրը ունենում է ֆինանսական մուտքեր Հայաստանի նման ոչ այդքան հարուստ երկրից: Այս գիտակցումը շատ կարեւոր է:
Ի վերջո, եթե որեւէ մեկի մտքին լինի Հայաստանից հեռանալ, այնպիսի զարտուղի ճանապարհներ կգտնվեն, որ դժվար է ասել, թե ինչպես է մարդու ուղեղը ունակ այդքան ճկուն եւ անկանխատեսելի աշխատելու: Կյանքը ցույց է տվել, որ եթե Հայաստանի կամ աշխարհում որեւէ այլ երկրի քաղաքացի իր առջեւ խնդիր է դրել Եվրամիության երկրներից մեկում կամ այլուր միգրանտ դառնալ, փախստականի կարգավիճակ ստանալ եւ ապրել, գտնվում են հնարքներ: Այնպես որ, եթե այս տարբերակով առաջնորդվենք, հաստատ հեռու չենք գնա:
Ու հատկապես Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո Եվրամիության անդամ երկրների հետ շատ կարեւոր է մարդկանց շփումը: Եւ լավ է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը հետեւողական է այս հարցում: