ՀԱԿԱԿԱՐԿՏԱԿԱՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԸ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջին շրջանում ակտիվ քննարկվում են կարկտի դեմ հրթիռային կայաններով պայքարելու միջոցները, սակայն մասնագետների համոզմամբ` հրթիռային կայանները ոչ միայն արգելված են, այլեւ անարդյունավետ: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է «Զենիթ» ապրանքանիշով հայտնի հակակարկտային կայաններ արտադրող «Բարվա» ինովացիոն կենտրոնի տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանի հետ:

-Պարո՛ն Վարդանյան, կոնկրետ ովքե՞ր եւ ինչո՞ւ են հրաժարվում օգտվել «Զենիթ» ապրանքանիշով հայտնի հակակարկտային կայաններից: Ինչո՞ւ են որոշ գյուղապետեր պահանջում տեղադրել հրթիռային կայաններ:
-Այդ ոլորտը տարիներ շարունակ կուռացիա է անում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, մասնավորապես` հիդրոմետ ծառայությունը, որտեղ ընտանեկան մի խմբավորում կար խորհրդային տարիներից, նախկինում հայրն էր աշխատում, երկու տղաների եւ հարսի հետ համակարգում էին այդ աշխատանքները: Ինչ-որ փոխկապակցված ընկերություններ ունեին, մրցույթներ էին հայտարարում, իրենք էլ հաղթում էին, բարձր գներ եւ այլն: Բայց վերջին փոփոխություններից հետո մենք անընդհատ բարձրաձայնեցինք մեր խնդիրների մասին, որ անառողջ մթնոլորտ է:
-Անուններ կնշե՞ք:
-Դե, խոսքը Հովսեփյանների մասին է: Այս փոփոխություններից հետո մի շատ կարճ ժամանակ նույնիսկ հիդրոմետ ծառայության տնօրեն նշանակվեց (նկատի ունի Սուրեն Հովսեփյանին, որն այժմ ազատվել է աշխատանքից), բայց Հովսեփյան եղբայրներից մեկն է մնացել: Այնքան շատ են, որ հանում, հանում են, չի վերջանում: Թշնամական վիճակը, անառողջ մթնոլորտը մի կողմ դնենք, այդ հրթիռները անհասկանալի ինչ-որ երեւույթ են, որոնք պիլոտային ծրագրով Հայաստան բերվեց, մոտ 100 մլն դրամ արժեքի: Ու բերելուց քիչ անց հայտարարվեց, որ խափանումներով է աշխատում, ռուս մասնագետները կգան, կկարգավորեն, հետո այդպես էլ չիմացանք` ի վերջո եկան կարգավորեցին, թե ոչ: Հիմա էլ ինչ-որ հրթիռներն են վերջացել, մատակարարման խնդիր կա: Ընդ որում, այս խնդիրն առկա է բոլոր այն երկրներում, որտեղ մասամբ դեռեւս ինչ-որ չափով օգտագործում են այս մեթոդը: Այն ԵՄ-ում արգելված է, որովհետեւ չկառավարվող հրթիռներ են, կարող են ընկնել մարդկանց տների վրա:
-Պարո՛ն Վարդանյան, Ձեր նշած 100 մլն դրամի հրթիռային կայաններից քանի՞ հատ է բերվել Հայաստան եւ ո՞ր մարզում է տեղադրվել:
-Բերվել է 3 հատ արձակիչ կայաններից, որոնցից մեկը տեղադրված է Արմավիր մարզի Ակնալիճ համայնքում, մեկը` Արագածոտնի մարզի Ոսկեվազում եւ Արտաշավանում: Ընդ որում` Այգեվան գյուղ կա, որտեղ, իմ տեղեկություններով, վերջերս ուժգին կարկտահարություն է տեղի ունեցել, մեր կայաններից այդ տարածքում ընդհանրապես չկա, փորձել են այդ մնացած հրթիռներով ներազդել, բայց չի ստացվել, օգուտ չի տվել:
-Իսկ Ձեր ընկերության կայաններից որտե՞ղ կա տեղադրված եւ դրանց էֆեկտիվությունը քանի՞ տոկոս է կազմում:
-Վերջին տասնամյակում արտադրված է մոտ 600 միավոր: Մենք, չնայած ներքին շուկայում առկա խնդիրներին, արտահանում ենք մասնավորի հետ, թե՛ դրսում, թե՛ ներսում հաջողությամբ աշխատում ենք: Առկա են համապատասխան դրական կարծիքները: Հիմա այս տարի էլ համայնքներ կան, որոնք ունեն կայաններ, բայց դրանց ձեռքբերման նպատակով դիմել են սուբվենցիոն ծրագրերի համար: Այսինքն` գումարի 50 տոկոսը պետք է համայնքը ներդնի, իսկ մյուս 50 տոկոսը` պետությունը, բայց ինչ-որ անհասկանալի պատճառներով դա արգելակված է: Դեռ պետք է նոր հեծանիվ հորինվի, եզրակացություն լինի դրանց էֆեկտիվության վերաբերյալ: Եւ այնքան ձգվեց, մինչեւ կարկուտն եկավ, վնասներ հասցրեց այդ համայնքներին, որոնք ուզում էին դնել կայանները: Հիմա նման փաստի առաջ ենք կանգնած:
-Ձեր նշած «արգելակման» պատճառը Արտակարգ իրավիճակների նախարարությո՞ւնն է:
-Այո, ես այդպես եմ հասկացել, համենայնդեպս ինֆորմացիան այդպես է տրվում: Ինչու է այդպես լինում` չգիտեմ:
-Կնշե՞ք, թե որ երկիր եք արտահանում:
-Արտահանել ենք Ուկրաինա, Իրան, Վրաստան, Ռուսաստան: Արտահանել ենք նույնիսկ Թուրքիա, տարանցիկ ճանապարհով` Վրաստանով: Բոլոր երկրներից դրական կարծիքներ կան: Հենց հիմա արտահանում ենք Մարոկկո, բոլորը, ճիշտ է, զարմանում են, թե ինչու է իրենց հակակարկտային կայան պետք, բայց մարդիկ գնել են, ունեն նման խնդիր: Մասնավորը գոհ է: Ի՞նչ է, օդի համար են փող ծախսում: Անիմաստ ծախսեր են անում:
-Պարո՛ն Վարդանյան, Ձեր կողմից բարձրացված խնդիրների շուրջ դիմե՞լ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:
-Մենք, ճիշտն ասած, բազմաթիվ անգամ դիմել ենք: ԱԻ նոր ղեկավարության հետ բացարձակ խնդիր չունենք, բայց մասնագիտական ոլորտ է, եւ հարցը գնում հասնում է իմ նշած մարդկանց մոտ, բայց, միեւնույնն է, վերջում կարծիք ձեւավորողները շարունակում են նրանք մնալ: Ոչ ոք չի խորանում խնդրի մեջ:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ դիմեց ՀՀ արտակարգ իրավիճակնրի նախարարություն, որտեղից մեզ հորդորեցին հարցերը գրավոր ուղարկել:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

ԽՈԶԻ ՄԻՍԸ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ 200 ԴՐԱՄՈՎ ԹԱՆԿԱՑԵԼ Է

ՀՀ վիճակագրական կոմիտեն Հայաստանում հունիս ամսվա ընթացքում արձանագրել է գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում մեկ տարվա գնաճը կազմել է 2.5, իսկ մայիսի նկատմամբ արձանագրվել է 1.9 տոկոս գնանկում: Բայց, միեւնույնն է, գնանկումը քաղաքացու դրամապանակի վրա չի ազդում, քանի որ առաջին անհրաժեշտության սննդատեսակներն այդպես էլ չեն էժանանում:

Ըստ ՎԿ-ի` հունիսին, մայիսի համեմատ, հանրապետությունում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը 4.5 տոկոսով էժանացել է, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 28.2 տոկոս գնանկումը:
Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկայում այս հունիսին, անցած տարվա հունիսի համեմատ, արձանագրվել է 4.9 տոկոս գնաճ, բայց, մայիսի համեմատ, այդ ապրանքատեսակները 0.7 տոկոսով էժանացել են: Միայն ձուն հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 37.6 տոկոսով, իսկ մայիսի համեմատ` գրանցվել է 1.3-ով գնանկում: Միրգն է թանկացել: Մրգի շուկայում այս հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 8.6, իսկ մայիսի համեմատ` 3.8 գնաճ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարավազը եւս թանկացել է` 0.7 տոկոսով: Չի բացառվում, որ այն առաջիկայում կթանկանա, քանի որ, ինչպես հայտնի է, այս շրջանում տնային տնտեսուհիները ավելի շատ են շաքարավազ օգտագործում փակոցների համար: Իսկ տնտեսվարողներն էլ, առիթից օգտվելով, թանկացնում են:
Մսամթերքի շուկայում եւս թանկացումներ են արձանագրվել: Այս դեպքում գնաճը կազմել է 0.6 տոկոս: Բայց եթե համեմատենք նախորդ տարվա հունիսի հետ, ապա թանկացումը զգալի է` 3.1 տոկոս: Նշենք, որ տավարի փափուկ մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 4590 դրամով, ոսկրոտ միսը` 2890 դրամով, իսկ, ահա, գառան մսի մեկ կիլոգրամը` 4000 դրամով: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը ՀՀ-ից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրան, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Դրա հետեւանքով Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը: Իսկ ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Եւ հենց այս պատճառով է, որ այսօր ոչխարի մսի գինը կազմում է 4000 դրամ, այն երբեմն անցնում է 4 հազար դրամը: Բացի այս, տեղեկացնենք, որ խոզի մսի մեկ կիլոգրամը 200 դրամով թանկացել է հունիսին` մայիսի համեմատ: Ըստ որոշ մասնագետների` այն դեռ կթանկանա, քանի որ այս շրջանում մարդիկ շատ են խոզի միս գնում քաղաքից դուրս տանելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հավի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 1450 դրամով, մինչդեռ նախորդ ամիսներին այն վաճառվում էր կիլոգրամը 1200-1300 դրամով:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է, ՀԵՏՈ` ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵԼ
Հունիսի 14-ին Իջեւան քաղաքում որսորդական հրացանից կրակել են Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի ղեկավար, 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանի վրա: Երբ Գ. Սարհատյանը ավտոմեքենայից իջել է, հանցագործը կրակել է նրա ոտքին: Վերջինս ստացել է աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ եւ տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր ոտքը անդամահատել են:
Իջեւան քաղաքում, որպես այդ հանցագործության մոտիվ, նշում են ենթադրյալ հանցագործի եւ Գ. Սարհատյանի միջեւ հին հաշիվները, որոնք պարզելու համար նրանք գնացել են իրենց ընդհանուր ծանոթի տուն:
Նշենք, որ երեք երեխաների հայր Գրիգոր Սարհատյանը, ում խնամքին են նաեւ կինը, մայրը եւ տատը, Լուսահովիտ համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. դեկտեմբերի 3-ին:
Հանցագործության դեպքի արթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») հատկանիշներով:
Իրավապահներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով հուլիսի 28-ին ձերբակալվել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Էդմոնդ Էդիլյանը: Նրա ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո նախաքննական մարմինը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, որի դեմ առարկել է Է. Էդիլյանի փաստաբանը:
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը մերժել է Է. Էդիլյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը, վերջինս ազատ է արձակվել: Առաջիկայում նախաքննական մարմինը հանդես կգա Է. Էդիլյանի` որպես քրեական գործով մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությամբ: Այդ միջնորդությունը կքննի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավոր:
Հավելենք, որ սույն քրեական գործով քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս