Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Հավանաբար, աթոռակը հայտնվել է այստեղ, որպեսզի որեւէ մեքենա «չհամարձակվի» կայանել:
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում ամուսնալուծության համար:
Ալիսա Մարուխյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
անձը հաստատող փաստաթուղթ; ամուսնության վկայական (առկայության դեպքում); ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար; ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով; ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Նշենք, որ վերոնշյալ դիմումների ձեւանմուշները քաղաքացիները կարող են ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորության չափը հինգ հարյուր հազար դրամ կազմելու դեպքում հարկ վճարողի բանկային հաշիվների վրա դրված արգելանքը որ դեպքերում է հանվում:
Սուրեն Նահապետյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Նահապետյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2 հոդվածի համաձայն` սահմանված կարգով արգելադրված գույքը արգելանքից հանվում է`
1) եթե վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում հարկային մարմնի կողմից չի ներկայացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն,
2) հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության դադարման կամ օրենքի 29.1 հոդվածով սահմանված կարգով պարտավորության գումարի գանձման դեպքում,
3) հարկ վճարողի հետ սույն հոդվածով սահմանված կարգով հարկային պարտավորության դադարման վերաբերյալ աստիճանական մարման ժամանակացույց կնքելու դեպքում,
4) դրանով ապահովված պարտավորության գումարի գանձման մասին որոշումը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են հարկ վճարողին համապատասխան դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 90 օրվա ընթացքում: