ՖՈՏՈ. Հայ լինելը հետաքրքիր է. Փաշինյանը խոսեց նոր մեծ ծրագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ լինելը հետաքրքիր է. It’s cool to be Armenian: Այս մասին Լոս Անջելեսում Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս կարգախոսը սփյուռքի հայության է ուղղված:

«Մենք միասին պետք է հայ լինելը ավելի ու ավելի հետաքրքիր դարձնենք, որովհետեւ հայ ժողովուրդը այն ժողովուրդն է, որը ոչ միայն մեծ անցյալ ունի, մեծ ներկա ունի, այլ շատ ավելի մեծ ապագա ունի եւ մենք այսօր միասին կերտում ենք այդ ապագան»:

Փաշինյանը խոսեց մեր հայրենադարձության գաղափարի մասին. «Այսօր էլ շատ հայեր վերադառնում են Հայաստան. «Հայաստանի սահմանահատումների դրական սալդոն աճել է 32 անգամ: Ապրել Հայաստանում չի նշանակում ապրել Հայաստանում միայն ֆիզիկապես: Ապրել Հայաստանում նշանակում է ապրել նաեւ Հայաստանով: Ձեզնից շատերը ապրել ու հիմա էլ ապրում է Հայաստանով:

Մեծ հայրենադարձություն նշանակում է օրինակ տարվա մեջ 1-2 ամիս ֆիզիկապես գտնվել ու ապրել Հայաստանում: Այսօր Երեւանում բնակարանների գներն աճում են եւ յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում: Հայրենադարձություն նշանակում է բիզնես ունենալ Հայաստանում, ամենակարեւորը՝ ունենալ ՀՀ քաղաքացիություն: Յուրաքանչյուր հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացիություն»,-հայտարարեց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ իշխանությունները մտածում են, որ այս տարի Նոր Տարին պետք է բացառիկ շունչ եւ մթնոլորտ ունենա Երեւանում. «Ուզում ենք այնպես անել, որ Ամանորին Երեւանի փողոցներն ու հրապարակները լիքը լինեն Ամանորը, Սուրբ Ծնունդը նշողներով: Մենք հիմա հսկայական ծրագիր ենք իրականացնում, որպեսզի ձեզ բոլորիդ հրավիրենք եւ այս տարի Սփյուռքը Ամանորը նշի Երեւանում»,-ընդգծեց նա:

Իր ելույթի վերջում Փաշինյանն ընթերցեց իր գրած «Հայաստան» բանաստեղծությունը, իսկ ընթերցելուց առաջ կատակով ասաց. «Գիտեմ, որ կարդացել եք, բայց դա ֆոնոգրաման էր, հիմա կլինի կենդանի հնչողությամբ»:




Լրահոս