Գլխավոր դատախազի մորաքրոջ որդին և հանցակիցները. ինչ է կատարվել հեղափոխության օրերին, և ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2019 թվականի մայիսի 10-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել նշելով. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը:

Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին:

Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:

Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: Նկատենք, որ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը Հովհաննես Մկրտչյանն է։ Նա այս պաշտոնին է 2011-ից»: Հեղափոխությունից հետո այսպիսի քրեկան գործերի մասին բազմիցս հրապարակվեց, սակայն այս դեպքն առանձնանում է: Խնդիրն այն է,որ ձերբակալվածը ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը այնքան էլ պատահական մարդ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հովհաննես Մկրտչյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ որդին է, ու այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետը, համաձայն նախաքննական մարմնի տվյալների, այս քայլին գնացել է հենց հեղափոխության օրերին, թերեւս վստահ լինելով, որ իր բարեկամ Գլխավոր դատախազն իր մեջքին կանգնած է:

Սակայն ԱԱԾ-ն կատարվածը ջրի երես է հանել: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել` Գլխավոր դատախազի մորաքրոջ տղա Հովհաննես Մկրտչյանից բացի եւս 3 անձ հայտնվել են մեղադրյալի աթոռին:

Մասնավորապես, Սամվել Աֆրիկյանը, որն ըստ առաջադրված մեղադրանքի, վարձատրության դիմաց զբաղվելով «Իմպերիալ Լայֆսթոք» ՍՊ ընկերության համար գառներ ձեռք բերելու և արտահանման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունից համապատասխան փաստաթղթավորումները կազմակերպելու գործընթացով, աշխատանքի բերումով մոտ 8 տարի առաջ ծանոթացել է, վստահել ու մտերիմ հարաբերություններ ձևավորել նույն տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ:

Արդունքում, «Իմպերիալ Լայֆսթոք» ՍՊ ընկերությանը պատկանող գառներն արտահանելու համար նախատեսված փաստաթղթերը կամ արտահանման սերտիֆիկատները տրամադրելուն խոչընդոտներ չառաջացնելու կամ առաջացած խոչընդոտները հետագայում հարթելու համար, որպես «շնորհակալություն» 2019թ. ապրիլի 22-ին Հ.Մկրտչյանին` վերջինիս աշխատասենյակում տվել է 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Սամվել Աֆրիկյանը, կրկին նույն նպատակով, Հովհաննես Մկրտչյանի կողմից իր նկատմամբ ցուցաբերած ծառայության գծով հովանավորչության դիմաց 2019թ. մայիսի 7-ին վերջինիս նույն աշխատասենյակում տվել է 150.000 դրամ կաշառք, որից հետո բռնվել է ԱԱԾ համապատասխան աշխատակիցների կողմից:

Մեղադրյալ է նաեւ Գևուշ Նազարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ըստ որի, լինելով ՍԱՊԾ Արագածոտնի մարզային կենտրոնի պետ, դիտավորությամբ չի կատարել ՍԱՊԾ պետի 2017թ. հուլիսի 17-ի 406-Ա հրամանով սահմանված իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով ՀՀ-ից 2018թ. հուլիսից մինչև 2019թ. մայիսն արտահանվել են տարբեր խմբաքանակներով գառներ, որով խաթարվել է ՍԱՊԾ բնականոն գործունեությունը:

Իսկ ահա երրորդ մեղադրյալը Օհան Խաչատրյանն է, որին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՍԱՊԾ աշխատակազմի Արագածոտնի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ դիտավորությամբ չի կատարել ԳՆ ՍԱՊԾ պետի 2017թ. հուլիսի 17-ի 406-Ա հրամանով սահմանված իր ծառայողական պարտականությունները, ապահովելով Հայաստանից -ից 2018թ. հուլիսից մինչև 2019թ. մայիսը տարբեր խմբաքանակներով գառների արտահանումը:

Նկատենք, որ դատախազի մորաքրոջ որդին գրավի դիմաց ազատ է արձակվել: Այստեղ հարց է առաջանում` այս քրեական գործը վերահսկող դատախազը արդյոք կաշկանդված չէ իր գործողություններում, ի վերջո մեղադրյալի աթոռին Գլխավոր դատախազի մորաքրոջ որդին է:

Ինչեւէ մեզ Հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այս քրեական գործով նախաքննությունն ավարտել է եւ քրեական գործը ուղարկել դատարան: Քննության ընթացքից կերեւա` գործը հսկող դատախազ Դ.Աղաջանյանը կկարողանա՞ առանց իր ղեկավարից կաշկանդվելու նրա ազգականին վռրաբերող քրեական գործը օբյեկտիվ քննել , թե այս գործն էլ կդասվի այն քրգործերի շարքին, երբ պատժում են` ձեւական տուգանքի ենթարկելով:

Քնար Մանուկյան




Լրահոս