«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հումորիստ, շոումեն, դերասան Արման Գեւորգյանն է: Նա անդրադարձել է հայաստանյան եթերում հումորի որակի, առհասարակ, լավ հումորի առանձնահատկություններին: Արմանը խոսել է իր բնավորության գծերի, սովորությունների մասին: Նա խոստովանել է, որ ինչպես հարկն է, չի օգտագործել ժամանակը եւ ափսոսում է, որ շտապելով չի ապրել: Այնուամենայնիվ, հումորիստն իրեն համարում է հաջողակ մարդ: Նա պատմել է նաեւ, թե ինչ հարաբերություններ ունի քաղաքականության հետ: Օնլայն տիրույթում քաղաքական սուր հումորներով աչքի ընկնող շոումենը քաղաքական իրադարձություններին նայում է սթափ` իրավիճակը ռեալ գնահատելով:
-Կյանքը հրաշալի է, հատկապես երբ…
-Առողջ են հարազատները:
-Չեք սիրում, երբ Ձեզ ստիպում են…
-Չնախատեսված ժամանակ տրամադրել իրենց:
-Ըստ Ձեզ՝ կա՞ն անփոխարինելի մարդիկ:
-Հա, իհարկե: Այն մարդիկ, որոնց դու սիրում ես, անփոխարինելի են:
-Ինչպե՞ս են դասավորվել Ձեր եւ քաղաքականության միջեւ հարաբերությունները:
-Նորմալ, չեզոք: Քաղաքական իրադարձություններին նայում եմ սթափ` իրավիճակը ռեալ գնահատելով:
-Անմարդաբնակ կղզի մեկնելուց առաջ ի՞նչ երեք իր Ձեզ հետ կվերցնեիք:
-Ես իրեր չէի վերցնի, այլ երեք հոգու, որպեսզի միայնակ չմնայի (ծիծաղում է):
-Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ երբ Ձեզ են նվիրում: Տվո՞ղ, թե՞ առնող տեսակ եք:
-Նվիրել, տալ: Ի դեպ, խոսքը միայն նյութականի մասին չէ: Հարաբերությունների մեջ էլ էմոցիա, հույզեր տալուց եմ ավելի շատ հաճույք ստանում:
-Ձեզ հաջողակ մարդ համարու՞մ եք: Եթե այո, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ընդհանուր առմամբ, այո: Սովորաբար, քայլեր անելուց առաջ երկար եմ մտածում: Արագ, չմտածված քայլերի մեջ մարդը կարող է շատ անգամ սայթաքել:
-Վերջին գիրքը, որ կարդացել եք:
-Սովորաբար նախընտրում եմ մասնագիտական գրականություն: Իսկ վերջին շրջանում կարդացի «100 բիզնես գաղտնիքներ»-ը, հեղինակ՝ Վահագն Դիլբարյան:
-Սովորություն, որից դժվարությամբ կհրաժարվեք:
-Ինձ թվում է՝ ծխելուց դժվար կհրաժարվեմ, բայց չեմ բացառում, որ, օրինակ, առողջական կյանքում փաստի առաջ կանգնելու դեպքում կհրաժարվեմ այդ սովորությունից եւս:
-Կենցաղը Ձեր կյանքում ի՞նչ տեղ եւ նշանակություն ունի:
-Շատ կարեւոր: Ես ակտիվորեն առնչվում եմ նաեւ կենցաղին: Առավոտից իրիկուն աշխատանքի վայրում չեմ, հաճախ լինում եմ տանը, լուծում եմ կենցաղային խնդիրներ:
-Եթե ոչ Ձեր մասնագիտությամբ, ապա ինչո՞վ կզբաղվեիք:
-Սիրով եմ անում այն, ինչ անում եմ, բայց ինձ մոտ կազմակերպչական ձիրք եւս առկա է: Երեւի թե կառավարման ոլորտում կարող էի ուժերս փորձել եւ հաջողել: Էությամբ լիդեր եմ, նախաձեռնող: Իհարկե, ինքս էլ ներգրավվում եմ պրոցեսին, միայն կանգնել ու ուղղորդել չեմ սիրում:
-Հումորը լավն է, եթե…
-Լավ հումորն ասելիքով է, ինտելեկտուալ: Իհարկե, կան մարդիկ, որ պրիմիտիվության կողմնակից են, բայց ես սատիրայի կողմնակից եմ:
-Հայաստանյան եթերում հումորի մակարդակն ինչպե՞ս կբնութագրեք:
-Միանշանակ չէ իրավիճակը: Կարող է տեւական ժամանակ իրավիճակն անմխիթար լինել, մեկ էլ հայտնվի մի նախագիծ, որը միանգամից կփոխի մթնոլորտը:
-Մեր վարչապետի հումորը լա՞վն է:
-Այո, Փաշինյանը լավ իրավիճակային հումորներ է անում: Պարբերաբար նկատում եմ դա:
-Կյանքը Ձեզ բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ…
-Եթե նույնիսկ մի փոքր անվստահությամբ ես որեւէ բան ձեռնարկում, պետք է, առհասարակ, չանես դա: Ինչ-որ բան անելիս պետք է ամբողջ հոգով-սրտով ցանկանամ դա:
-Ափսոսում եք, որ…
-Ժամանակը ճիշտ չեմ օգտագործել, շտապելով չեմ ապրել:
-Վախենում եք, որ...
-Հանկարծ հասկանամ, որ ոչ մի բանից չեմ վախենում…
-Ի՞նչ եք անելու հարցազրույցից անմիջապես հետո:
-Մի գավաթ սուրճ եմ խմելու եւ մտովի վերլուծելու եմ՝ ինչ խոսեցի Ձեզ հետ:
Աննա Բաբաջանյան