Դանակահարություն Ալավերդիում. 16-ամյա պատանին խոստովանել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.45-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափածակված վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքն ստացել է ժամը 15.00-ի սահմաններում Էնգելսի փողոցի զբոսայգում՝ սրածայր երկաթի վրա ընկնելու հետեւանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ մինչդեռ քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ունեին, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է քաղաքային զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նույն օրը դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Թումանյանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 19.00-ին մեղայականով բաժին է ներկայացել Ալավերդի քաղաքի 16-ամյա մի բնակիչ եւ հայտնել, որ ժամը 14.50-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է 34-ամյա տղամարդուն, ինչից հետո դանակը նետել է Դեբեդ գետն ու փախել:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս