«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին հայրենի իշխանությունը շատ լարված պատրաստական աշխատանքներ է իրականացնում` հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ կապված: Բանն այն է, որ արդեն հստակեցված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան գալու հարցը: Ավելին` մենք տեղեկացանք, որ Վ. Պուտինը Հայաստանում լինելու է հոկտեմբերի 1-ին` ժամը 13.00-ին, ու ՌԴ-ի թռիչքը լինելու է 16.00-ին:
Եւ այսպես, մեր տեղեկությունների համաձայն` քննարկման առանցքային թեման լինելու է ՀՀ-ում գազի գնի թանկացումը: Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին:
Բանն այն է` այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաեւ ՀՀ բնակչության համար: Տեղեկացրել էինք, որ ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Ու, ըստ շրջանառվող տեղեկությունների, արդեն խոսվում է 30 եւ ավելի տոկոս բարձրացման հարցը:
Ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ վարել նրա հետ: Հանդիման հարցերից է լինելու նաեւ ռուս-վրացական սահմանին` Վերին Լարսում տիրող իրավիճակը: Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է` հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում: NEWS.am-ին ահազանգած բեռնատարների վարորդները հայտարարել էին, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար` մինչ 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով:
Նշենք, որ տեղեկություններ կար, որ դեռեւս ամիսներ առաջ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումների ժամանակ ակնարկել էր, թե առաջիկայում նման խնդիրներ են առաջ գալու, որը խնդիրներ է առաջացնելու ներկայիս իշխանությունների համար: Ու, փաստորեն, այն այսօր իրողություն է: Իսկ թե իրականում ինչ փոփոխություն կլինի ՌԴ նախագահի այցից հետո այս առանցքային հարցերում, դեռեւս դժվար է ասել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ