Սամվել Բաբայանի կուսակցությունը հիմնադրվեց առանց նրա. ինչ քայլեր են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Արցախի խորհրդարանը դեռեւս չի սկսել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթի քննարկումները, եւ պարզ չեն հետագա անելիքները, նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ էլ Սամվել Բաբայանը ընտրվել է կուսակցության նախագահ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: Այն ներկայացվել է ԼՂՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որպեսզի այնտեղ առաջիկայում քննարկվի հարցը, ու եթե նպատակահարմար գտնեն, ընդգրկեն ԱԺ լիագումար նիստում:

Բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Արցախի իշխանությունները նպատակ ունեն այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար: Իսկ այդ դեպքում մոտ երկուսուկես ամիս կտեւի այդ պրոցեսը:

Եվ մինչ ԱԺ-ն որոշում է այդ հարցերը, Բաբայանը մեծ թափով լծված է կուսակցության շինարարության գործին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարին ներկա են եղել 118 պատվիրակ եւ հյուրեր, այդ թվում` Հայաստանից:

Մենք տեղեկացանք, որ համագումարի ժամանակ ընտրվել է 7 հոգուց բաղկացած քաղաքական խորհուրդ, որն էլ իր հերթին կուսակցության նախագահ է ընտրել: Եվ ինչպես սպասելի է, միաձայն առաջադրվել եւ ընտրվել է Սամվել Բաբայանը, սակայն ուշագրավ է, որ անձամբ նա ներկա չի եղել համագումարին:

Մենք տեղեկացանք, որ նրա բացակայությունը պատճառաբանվել է վատառողջ` առողջական շատ ծանր վիճակի մեջ լինելու պատճառով, սակայն, ըստ էության, դա չի խանգարել, որպեսզի քաղաքական խորհուրդն առաջադրի եւ նախագահ ընտրի հենց նրան: Մենք տեղեկացանք, որ կուսակցության ղեկավար կազմի անդամներ են ընտրվել Սամվել Բաբայանը, Գագիկ Նազլուխանյանը, Սերգեյ Զաքարյանը, Անուշ Դոլուխանյանը, Վլադիմիր Դավթյանը, Թագուհի Ալավերդյանը եւ Դիմա Առուստամյանը:

Արդեն մինչ այդ էլ պատվիրակների կողմից ընդունված է եղել կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը: Եվ ինչպես սպասելի էր, կուսակցության ստեղծման առաջնային նպատակը խորհրդարանական, ապա նաեւ նախագահական ընտրություններին մասնակցելն է: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ կուսակցության ծրագրում տեղ են գտել այսպիսի դրույթներ` սահմանադրական բարեփոխումների իրականացում, Արցախում սոցիալական, ժողովրդավարական եւ իրավական պետություն դառնալու նպատակ, ռազմավարության մշակում եւ այլ նման հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համագումարի ժամանակ ելույթ են ունեցել նաեւ հյուրեր թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից:

Ինչպես սահմանված է Արցախի «Կուսակցությունների մասին» օրենքով, կուսակցության հիմնադիր համագումարից հետո անհրաժեշտ է փաստաթղթերը 6 ամսվա ընթացքում ներկայացրել Արցախի արդարադատության նախարարություն, որպեսզի կուսակցության գրանցումը պաշտոնապես համարվի: Սակայն, մեր տեղեկություններով, Սամվել Բաբայանի համակիրները այդքան երկար սպասելու ցանկություն չունեն, եւ արդեն մոտ օրերս անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն:

Մենք տեղեկացանք, որ հիմա այս հարցերով է զբաղված կուսակցությունը, սակայն ընթացքում կլինեն նաեւ կուսակցաշինական աշխատանքներ, նոր գրասենյակների բացումներ, տարածքային կազմակերպությունների կազմավորումներ: Մի խոսքով, կուսակցությունը լայն թափով լծված է արդեն նորաստեղծ կուսակցության հզորացմանը:

Ընդ որում, մենք տեղեկացանք, որ «Միասնական հայրենիք» կուսակցության անվանումը վաղուց է որոշված եղել, եւ այս ընթացքում Սամվել Բաբայանի հանդիպումները քաղաքական ներկայացուցիչների հետ կազմակերպված են եղել հենց «Միասնական հայրենիք» հասարակական կազմակերպության կողմից:

Հավելենք, որ վերջին շրջանում Արցախում, բացի Սամվել Բաբայանի համակիրներից, ակտիվ են նաեւ Վիտալի Բալասանյանի կողմնակիցները, եւ վերջին շրջանում հենց այս գործիչների կողմից են գրասենյակներ բացվում Արցախում: Եւ սա այն դեպքում, երբ ստորագրահավաքի ճակատագիրն, ըստ էության, անհայտ է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս