Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս կատարած հայտարարությանը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ` խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները եւ հանդես գալիս անհասկանալի, ըստ էության, ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։
Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատեւ ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետեւանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետեւանքների մասին մտածելու»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Վանեցյանը:
Երգիչ, երգահան Վահան Արծրունին այն համոզման է, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Վանեցյանը պարտավոր են հանրությանն իրազեկել այն մասին, թե ինչ է կատարվել. «Մենք ընտրել ենք այս իշխանությանը, որպեսզի մեզ համար մութ հարցեր չմնան: Փաշինյան-Վանեցյան կոնֆլիկտը զուտ երկու տղամարդու կոնֆլիկտ չէ. երկու կարեւորագույն ատյանների ղեկավարների մասին է խոսքը: Չխոսելով կոնֆլիկտի պատճառների մասին՝ նրանք ստիպում են ժողովրդին ենթադրություններ անել: Անձամբ ես չեմ ուզում դրանով զբաղվել:
Ինձ ապշեցնում է նման հակասությունը պետության մեջ: Չէ՞ որ ամիսներ առաջ Փաշինյանը Վանեցյանին գեներալ-մայորի կոչում շնորհեց: Հիմա ի՞նչ պատահեց: Ներկայիս պատկերը Հայաստանի քաղաքացուն ինչպե՞ս կարող է չանհանգստացնել, վերջինս պարզապես չի կարող անհաղորդ մնալ: Սա հո կրկես չէ՞. քաղաքական կարեւորագույն հանգամանքների հետ գործ ունենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց Արծրունին:
Նրա կարծիքով՝ անթույլատրելի է, որ նման իրավիճակում Փաշինյանն ու Վանեցյանը միմյանց որակումներ են տալիս. «Թող բացատրեն՝ ինչ է եղել, ժողովուրդն ինքը որակումներ կտա»:
Պարոն Արծրունու խոսքով՝ իրեն՝ որպես քաղաքացու, տեղեկատվական բուրգի վերին մասն է հասանելի միայն. թե՛ Փաշինյանը, թե՛ Վանեցյանը հնչեցնում են սուբյեկտիվ բնույթի որակումներ, այնինչ հանրությունն օբյեկտիվ մեկնաբանությունների կարիք ունի:
Աննա Բաբաջանյան