ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարողների «յուբկաների» համար վճարել է նախորդ իշխանությունը. Ռուդոլֆ Խառատյանը փակագծեր է բացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հանրության շրջանում արդեն մի քանի օր է՝ բուռն կերպով քննարկվում է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությունը՝ Գյումրիում Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Ուշադրության կենտրոնում են հայտնվել հատկապես պարող տղաների վերեւամասում մերկ, իսկ ներքեւամասում երկարափեշ հագուստով կերպարները:

Շատերը տեսակետ են հայտնում, որ շրջազգեստ հիշեցնող այդ հագուստները կապ չունեին օրվա խորհրդի հետ: Հանրության մի հատված նույնիսկ բեմադրությունը համարեց միասեռականության քարոզ: Քննադատություններ հնչեցին նաեւ նախորդ իշխանությունների կողմից: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դիմելով ներկայիս իշխանությանը, նույնիսկ նման գրառում է կատարել.

«Հիշե՛ք, ձերը սորոսն ու յուբկեն են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները։ Ձերը յուբկեն է, մերը՝ ուխտի գնալը, ձերը մերկությունն է, մերը՝ տղամարդկությունը»: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռուդոլֆ Խառատյանի հետ:

-Պարո՛ն Խառատյան, տվյալ զգեստները կիրառվել էին նաեւ 2015 թվականին Ձեր կողմից բեմադրված «Զույգ արեգակներ» 2 գործողությամբ բալետային ներկայացման մեջ: Ինչպե՞ս պատահեց, որ այն ժամանակ զգեստների թեման աղմուկ չբարձրացրեց, իսկ, ահա, հիմա քննարկումների նման ալիք բարձրացավ: Դուք հատուկ միտում տեսնու՞մ եք:

-Այո, որոշ մարդիկ օգտագործեցին առիթն ու ներկայացմանը քաղաքական աստառ տվեցին՝ առանց հիշելու, որ նույն այդ զգեստները պարողները, այո, կրել են նաեւ «Զույգ արեգակներ» ներկայացման ժամանակ, որը բեմադրվել է Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, եւ որը ֆինանսավորվել է Սերժ Սարգսյանի կողմից: Այսինքն՝ նախորդ իշխանությունն ինքն էր հավանություն տվել զգեստների գաղափարին: Բայց, իհարկե, սեպտեմբերի 21-ի բեմադրությունը «Զույգ արեգակներ» ներկայացման հետ կապ չուներ, պարզապես նույն զգեստներն էին օգտագործվել:

-Այն, ինչ տեսանք Գյումրիում, ծիսակա՞ն պար էր:

-Ոչ, պարապես ծես: Տեղը սահմանափակ էր, շարժվելու հնարավորություն չկար: Ես՝ որպես բեմադրիչ, նպատակ եմ ունեցել ցույց տալ, որ մենք մեր պատմությամբ, մշակույթով հեռվից ենք գալիս եւ դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու.գաղափարը սա էր: Տղաները ո՛չ դարբինների, ո՛չ էլ քրմերի կերպարում էին: Ուշադիր դիտողը կնկատեր, որ նրանց զգեստներին՝ կրծքի հատվածում, կար արեգակնային համակարգի սիմվոլիկա՝ մ.թ.ա. երկրորդ հազարամյակից:

Սիմվոլիկան բավական ներդաշնակ էր կոստյումի հետ: Ժողովուրդը սա չնկատեց ու աղմուկ բարձրացրեց,բայց այդ աղմուկը մյուս կողմից հօգուտ բալետի աշխատեց. այն կարծես արթնացրեց մեր հանդիսատեսին: Ովքեր պրպտեցին, հասկացան, թե ինչ իմաստ ուներ ծեսը: Նրանք, ովքեր բեմադրիչին քննադատում են պարողներին «շրջազգեստ» հագցնելու համար, կարող են նաեւ քննադատել, օրինակ, «Սպարտակ» բալետում նրանց մերկ լինելու համար:

Իսկ, առհասարակ, ասեմ, որ բալետային ներկայացման պարագայում զգեստը նշանակում է սահմանափակում. պարողը պետք է իր ժեստերով, մարմնի լեզվով պատմություն պատմի: Հին հայերը ամենատարբեր զգեստներ են կրել, բայց ոմանք ուզում են բալետային ներկայացումներում անընդհատ նույն տիպի զգեստներ տեսնել: Մենք կորցրել ենք այն հարստությունները, որոնցով կարող էինք ներկայանալ աշխարհին:

-Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ահա թե ինչ տեսակետ ունի Ձեր բեմադրության մասին. «Ամեն ինչից զատ՝ սա անճաշակ, անիմաստ, ոչինչ ասող, Անկախության տոնի եւ, մասնավորապես, Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր: Խնդրեմ անհեթեթությունը նորարարության հետ չշփոթել»: Ի՞նչ կասեք:

-(Ծիծաղում է): Դա նրա տեսակետն է: Ես հարգում եմ Հասմիկ Պապյանին որպես երգչուհի, կատարողական արվեստի ներկայացուցիչ, բայց տվյալ հարցում մեր տեսակետները չեն համընկնում:

-Բազմաթիվ քննադատություններից հետո ֆեյսբուքյան Ձեր էջում տեղադրեցիք Ասորեստանի արքա Սալմանասար III-ի քանդակը՝ վերեւամասում՝ կիսամերկ, ներքեւամասում՝ շրջազգեստ հիշեցնող զգեստով: Ի՞նչ էիք ուզում դրանով ասել:

-Ուզում եմ ասել, որ հին արքաները հագել են նմանատիպ զգեստներ, եւ դրա մեջ տարօրինակ ոչինչ կա: Հայ արքաները եւ սովորական մարդիկ նույնպես կրել են նմանատիպ զգեստներ: Մեր ժողովրդին հարկավոր է կրթել, բացատրել, թե տվյալ կոստյումի իմաստը որն է: Սա է էականը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս