Արդարադատության նախարարը հայտարարություն է արել բիզնես հատվածի ներկայացուցիչների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Արգենտինայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից և Վրաստանից ժամանած շուրջ 120 ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Բադասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հակակոռուպցիոն պայքարն ինստիտուցիոնալ մակարդակի վրա դնելու համար կարևորում է բիզնեսի մասնակցությունը հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և այդ ոլորտում միջոցառումների իրականացման գործընթացում:

Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Կառավարության քննարկմանը ներկայացված Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծին, առանձնացրել է հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը՝ ընդգծելով, որ Կառավարությունը դրա համար ունի բավարար քաղաքական կամք: Որպես այդ համակարգի առաջին տարր՝ արդարադատության նախարարն ընդգծել է հոկտեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն ու դրա արդյունավետ գործունեությունը:

Հանձնաժողովն ունենալու է պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերի ստացման, վերլուծության գործառույթներ, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության ոլորտում հստակ լիազորություններ, որի դերը, Ռուստամ Բադասյանի խոսքով, չի կարելի թերագնահատել: Հաջորդ կարևոր քայլը նախարարը համարել է ինստիտուցիոնալ համակարգում հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ստեղծումն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունը մասնագիտացված հակակոռուպցիոն մարմնին վստահելը:

«Հակակոռուպցիոն մարմինը չի ստեղծվելու մեխանիկորեն՝ քննչական մարմինների տեղափոխման արդյունքում, ստուգվելու է քննչական մարմնի կազմի մեջ մտնող անձանց բարեվարքությունը մինչև հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը, ինչը բիզնեսի տեսանկյունից վստահության կարևորագույն չափանիշներից է»,- ասել է արդարադատության նախարարը՝ հերթական մյուս կարևոր քայլերը համարելով հակակառուպցիոն բնույթի հանցագործությունները քննելու նպատակով Հակակոռուպցիոն դատարանի և Դատախազության կազմում կոռուպցիոն գործերով նախաքննության օրինականությունը հսկելու նպատակով մասնագիտացված վարչության ստեղծումը: Կոռուպցայի դեմ արդյունավետ պայքար մղելու հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև էլեկտրոնային գործիքների կիրառումը, որոնք էապես կհեշտացնեն վարչարարությունը և հասանելի կդարձնեն հանրային ծառայությունները բիզնեսի համար:

Այս համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունը հանձնառել է իրականացնել բարեփոխումներ իրական սեփականատերերի բացահայտման ուղղությամբ, և ներկայում աշխատանքներ են իրականացվում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտնելու և ռեգիստր ստեղծելու ուղղությամբ:

Ամփոփելով ելույթը՝ Նախարար Բադասյանը դիմել է բիզնես հատվածի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ Կառավարությունը հանձնառել է բոլոր արդյունավետ միջոցները ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում: «Թե ՏՀԶԿ-ն, թե միջազգային այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ԳՐԵԿՈ-ն ու ՄԱՆԻՎԱԼ-ը, կարևորել են մի շարք արդյունավետ գործիքների ներդրումը, որը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կարողությունների զարգացմանը: Կառավարությունն այժմ ձեռնարկել է բոլոր այդ գործիքների ներդրման գործընթացը:

Հնարավոր է՝ որոշ շրջանակներ բիզնեսին սխալ հաղորդագրություններ ուղարկեն, որ դա ոտնձգություն է բիզնես շահերի դեմ: Ես բացառում եմ այդ մտահոգությունը և շեշտում, որ աքսիոմա է՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, այդ շրջանակում նաև իրավապահ մարմիններին բավարար գործիքակազմ տրամադրելը, նպաստելու է Հայաստանում բիզնեսի զարգացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը»,- ընդգծել է արդարադատության նախարարը:




Լրահոս