Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ընդ որում ներկայացվել էր միջնորդություն նաև որպես այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: Որպես գրավի չափ առաջարկվել էր սահմանել մինչև 5 մլն դրամ գումար:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով Մանվել Գրիգորյանը կրկին չէր բերվել դատարան՝ առողջական խնդիրներով պայմանավորված, ԲԿ-ից դատարանին տրամադրվել էին համապատասխան փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև՝ կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև՝ կատարել տարբեր տեսակի հափշտակություններ