Թարմ միս-մսեղիքի վաճառքի շուկան շարունակում է մնալ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում: ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը, խորհրդական Արթուր Շատվորյանը և Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն անակնկալ այցելել են Վանաձորի մսի վաճառքի տաղավարներ: Նրանց միացել են նաև Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի և ոստիկանության պատասխանատուները:
Շրջայցի ընթացքում կրկին ստուգվել է մսի վաճառքի կետերում տիրող իրավիճակը, գործունեության օրինականությունը: Թարմ մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորվել է պահպանել միս-մսեղենի իրացման սանիտարահիգիենիկ նորմերը, ապահովել անվտանգությունը հավաստող փաստաթղթերի առկայությունը:
Հայտնաբերվել է օրենքի խախտումով գործող Ա/Ձ Գառնիկ Գևորգյանի վաճառակետը (նախորդ այցերի ժամանակ միշտ փակ է եղել), որտեղ արձանագրվել են նաև մսի իրացման նորմերի շեղումներ: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել է, առկա մսեղիքի ողջ խմբաքանակը հանվել է վաճառքից: Տրվել են հանձնարարականներ, որոնց կատարման համար սահմանվել է ժամկետ:
Շրջայցից հետո ՍԱՏՄ պատասխանատուները մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մոտ կազմակերպված խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են նախորդ մի քանի ամիսների ընթացքում կատարված պարբերական այցերի արդյունքները, առկա իրավիճակը գնահատվել են դրական, երկուստեք կարևորվել է վերահսկողական միջոցառումների շարունակականությունը:
Հետևողականությունը Տեսչական մարմնի կողմից անցկացվող պետական վերահսկողության կարևորագույն բաղադրիչ է, որով և առաջնորդվում է կառույցն իր գործունեությունն իրականացնելիս: