Դավիթ Տոնոյանն անդրադարձավ Վայոց ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու դեպքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զերծ մնաց Վայոց Ձորում սպային մարմնական վնասվածք պատճառելու դեպքի վերաբերյալ նախաքննության փուլում որևէ արտահայտություն անելուց: Այսօր լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշեց, որ իրենք հետևողական են լինելու, որ արդարությունն ապահովված լինի:

«Նախաքննության այս փուլում որևէ արտահայտություն, մասնավորապես, Պաշտպանության նախարարի կողմից, շատ սխալ կլինի: Մենք շատ հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի մինչև վերջ, և դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունն ու ազնվությունը պետք է ապահովված լինի»,- ասաց Տոնոյանը:

Սեպտեմբերի 18-ին ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա:

2019 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան: Կատարվել է շտապ վիրահատություն, սպայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:




Լրահոս