Ինչ քայլեր է ձեռնարկում Արդարադատության նախարարությունը Փաշինյանի հայտարարությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն` իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին եղել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը եւ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք, եւ եթե կարելի է ասել, այս պրոցեսը ենթարկել ռեստարտի, որովհետեւ դա չափազանց կարեւոր եմ համարում ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելու առումով, այլեւ ես ուղղակի համոզված եմ, որ եթե մենք բավարար չափով սկզբունքային չլինենք այս հարցում, կոռուպցիան մի երեւույթ է, որը նոր պայմաններին ադապտացվելու ձեւերը կգտնի եւ փուլ-փուլ, կամաց-կամաց սողացող ձեւով վերադառնալու հատկություններ կցուցաբերի»:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հորդորել է այս հարցում լինել շատ վճռական ու արագ քայլերով առաջ գնալ, որպեսզի առաջիկայում արդյունքներ երեւան: Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ` պարզելու համար, թե իրենց գերատեսչությունն ինչ է անում կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ հաղորդելու համար:

-Պարո՛ն Գրիգորյան, Դուք եւս ներկա էիք օրերս ՀՀ վարչապետի հետ խորհրդակցությանը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է առաջիկայում կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ հաղորդել: Այդ հանդիպումից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկում Ձեր գերատեսչությունը, որպեսզի ունենաք հստակ արդյունք:

-Ես ՀՀ արդարադատության նախարարության հետ կապված կարող եմ նշել, որ շատ երկար աշխատանք ենք իրականացնել, ու շատ երկար կարող եմ ներկայացնել այն ամենը, ինչ արվել է մեր գերատեսչության կողմից: Այս պահին e-draft.am կայքում տեղադրված է հակակոռուպցիոն ռազմավարությունը, քրեակատարողական ռազմավարությունը եւ դատական-իրավական բարեփոխումների ռազմավարությունը: Այդ բոլոր ռազմավարություններում մեր` որպես քաղաքականություն մշակող մարմնի գործողությունները նկարագրված են թե՛ կոռուպցիայի, թե՛ մնացածի վերաբերյալ: Այսինքն, մենք մեր աշխատանքներն իրականացնում ենք, որին կարող եք ծանոթանալ արդեն նշածս կայքի միջոցով, այնտեղ ամբողջական տեղեկատվություն կա այդ ռազմավարությունների մասին:

-Բայց նախկին իշխանությունները եւս նման ռազմավարություններ էին մշակում, իսկ պրակտիկորեն որեւէ գործողություն չէր իրականացվում: Դուք, լինելով ՀՀ արդարադատության փոխնախարար, կարծո՞ւմ եք, որ նման ձեւաչափով արդյունք ունենալու եք:

-Մի քանի օրինակներ բերեմ, որոնք առկա են իմ նշված ռազմավարությունում, օրինակ` Հակակոռուպցիոն կոմիտեն, որը պետք է համակարգի բոլոր կոռուպցիոն հանցագործությունները, նախաքննության, քննության իրականացումը: Պլանավորում ենք հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, այսինքն` որպես քաղաքականություն մշակող այնտեղ ամբողջական գործողությունները ներկայացված են: Օրինակ` հակակոռուպցիոն դատարանը նրա համար է լինելու, որ այն գործողությունները, որոնք նախատեսված են որպես հակակառուպցիոն կոմիտեի կողմից քննվող, հնարավոր է նաեւ այլ օրենքների շրջանակներում, որոնք կապված են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության հետ, ահա այդ հարցերը հակակոռուպցիոն դատարանը քննի: Բոլոր օրենքների ամենակարեւոր հատվածը դրա կիառումն է:

-Տարիներ շարունակ նման օրենքներ մշակվել են, բայց կիրառում չի եղել…

-Օրենքները, անկախ այն բանից` կոռուպցիային են վերաբերում, թե դատաիրավական բարեփոխումներին, հիմնական մասը կիրառման փուլում են գործարկվում: Մենք պատասխանատու ենք քաղաքականության մշակման համար, դրա համար մենք անում ենք մեզանից հասանելիքը: Ես կարծում եմ` լավագույն ցուցիչը կարող է լինել մեր աշխատանքը, մեր օրենքների նախագծերի մշակումը, մեր ելույթները, մեր` խորհրդարանի հետ աշխատանքները:

-Պարո՛ն Գրիգորյան, տեղեկություններ կան, որ նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի հետ շատ դժվար է աշխատել, քանի որ նրա հետ գրեթե բոլոր հարցերում տարաձայնություններ են առաջանում, նման խնդիր էր առաջացել նաեւ նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հետ: Դուք խնդիրներ ունե՞ք նախարարի հետ:

-Հեշտ է նախարարի հետ աշխատելը, ես նման բաներ չեմ նկատել, իսկ այլ անձանց հետ փոխհարաբերությունները չեմ կարող մեկնաբանել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս