«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում անհանգստացած են այն հանգամանքից, որ հնարավոր է չկարողանան ապահովել ձայների անհրաժեշտ քանակը, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը դրվի քվեարկության: Ըստ մեր տեղեկությունների` իմքայլականները հանդիպում են ունեցել, որի ժամանակ հայտարարվել է, որ իրենք միայն հստակ պայմանավորվածություն ունեն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, այն է` կողմ կքվեարկեն նախագծին, իսկ ԲՀԿ-ն կարծես թե մտադիր է ազատ քվերակություն հայտարարել: Իշխանական խմբակցության ղեկավարությունը վստահ չէ, որ իրենց ֆրակցիայի 88 պատգամավորները եւս միաձայն կողմ են քվերակելու նախագծին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը: Մոտ երկու ժամ քննարկումից հետո նախագիծը դրական եզրակացություն ստացավ ու այն կքննարկվի առաջիկա քառօրյա նիստի ժամանակ: Նախագծին միայն ձեռնպահ քվեարկեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Հրայր Թովմասյանին «գահընկեց» անելու գործընթացի հետ կապված խնդրի առաջ է կանգնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը նախագծի հարակից զեկուցողն է: Բանն այն է, որ Վ. Վարդանյանը ժամանակին աշխատել է Հրայր Թովմասյանի հետ, եղել է ՍԴ աշխատակազմի ղեկավարը ու իր նեղ շրջապատում հայտարարել է, որ ինքն անելանելի ու տհաճ իրավիճակում է հայտնվել, քանի որ իր ղեկավարությամբ սկսված այս գործընթացն իրեն վատ դրության մեջ է դրել:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ, որը հայտարարեց, թե իրականում նման բան չկա: «Ես կաշկանդված եմ միայն Սահմանդրությամբ եւ ԱԺ կանոնակարգ օրենքով, եւ երբ աշխատում էի Սահմանդրական դատարանում, կաշկանդված էի Սահմանդրությամբ, Սահմնադրական դատարանի մասին օրենքով, Սահմանադրական դատարանի աշխատակազմի կանոնադրությամբ եւ դատական ծառայողի կարգավիճակով, որեւիցե այլ բանով ես կաշկանդվածություն չունեմ:
Այո, աշխատել եմ պարոն Թովմասյանի հետ, ճանաչում եմ պարոն Թովմասյանին բավականին երկար, նրան դիտարկում եմ որպես շատ հմուտ իրավաբան, այդուհանդերձ եթե կան կարգապահական պատասխանատվության հիմքեր, ես չեմ կարող դրանց չանդրադառնալ»,- հայտարարեց հանձնաժողովի նախագահը:
Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ