Գեղարքունիքի մարզի 3350 բնակիչ ունեցող Արծվանիստ գյուղի մանկապարտեզը 2017 թվականից լուծարված է: Այսինքն` արդեն մի քանի տարի է, ինչ մանկապարտեզը պարապուրդի է մատնված, բայց փոխարենը համայնքային բյուջեից գումար է դուրս գրվում չաշխատող այս կառույցի համար:
Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մանկապարտեզը 2015 թվականի հուլիսի 20-ից է փակվել. նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն այնտեղ արձանագրել է ընդգծված հակասանիտարական վիճակ եւ անբավարար այլ պայմաններ:
Պարզվել էր, որ Արծվանիստի մանկապարտեզում չի եղել ոչ միայն կանոնավոր ջրամատակարարում, այլ նաեւ սանհանգույց, անբարեկարգ վիճակում է եղել խոհանոցը, երեխաների բուժսպասարկումը, բուժզննումը կանոնակարգված չեն եղել: Եւ մարզպետարանը որոշել է, որ այս խնդիրները ցանկացած պահի կարող են հանգեցնել տխուր հետեւանքների, ու նպատակահարմար է համարել մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել,չվտանգել երեխաների առողջությունը: Բայց, արի ու տես, այդ «ժամանակավորապես»-ը արդեն ձգվում է 4 տարի: Այսօր Արծվանիստը մանկապարտեզի տարիքի երեխաներ ունի, բայց մանկապարտեզ չունի : Այն հիմա էլ շարունակում է անբարեկարգ մնալ, անմխիթար են շենքային պայմանները, տանիքը՝ կիսափուլ, շենքի պատերը՝ կիսաքանդ:
Արծվանիստի բնակիչների պատմելով` մակապարտեզի շենքը վերանորոգման կարիք ունի, անհրաժեշտ է լուծել նաեւ մշտական ջրի խնդիրը: Համայնքապետաարանը չի կարողանում գումարներ գտնել մանկապարտեզի շենքային խնդիրները լուծելու համար: Փոխարենը մանկապարտեզն ունի պահակներ՝ գիշերային ու ցերեկային, վարիչ… Նրանք յուրաքանչյուր ամիս համայնքային բյուջեից աշխատավարձ են ստանում: Եւ սա այն դեպքում, երբ Արծվանիստ համայնքի մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը լուծարվել է 2017 թվականին: Ստացվում է, որ լուծարված կառույցն ունի երեք աշխատող, որոնք ստանում են աշխատավարձ:
Արծվանիստի գյուղապետարանի հաշվապահ Դերենիկ Մանուկյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ մանկապարտեզը թեեւ չի գործում, բայց աշխատողներ ունի, որոնք աշխատավարձ են ստանում:
«Համայնքի ղեկավարը, ավագանին որոշել են, որ պետք է վճարեն, հո ես չեմ որոշողը: Միայն շենքային վատ պայմանների պատճառով է, որ երեխա չի հաճախում: Վարիչն է վարձատրվում ու երկու պահակները`գիշերային եւ ցերեկային: Պահակություն են անում»,- իրավիճակը ներկայացրեց հաշվապահը:
Պարզվում է` տարեկան համայնքային բյուջեից ծախսվում է 3 մլն դրամ` լուծարված կառույցի երեք աշխատողներին վճարելու համար: «3 մլն դրամ նախատեսված է, բայց թե հաշվարկը… որը որքան աշխատավարձ կստանա, չեմ կարող ասել: Բայց մեզ մոտ նախակրթարան կա բացված, շուրջ 30 երեխա է հաճախում: Իսկ եթե մանկապարտեզը գործեր, ապա 40-45 երեխա էլ կհաճախեր այդտեղ»,- հավելեց հաշվապահը:
Հաշվապահը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքապետարանը հաշվարկներ է արել եւ պարզել, որ մանկապարտեզը հիմնանորոգելու համար անհրաժեշտ է 180 հազար դոլար:
«Մանկապարտեզը ստեղծվելուց հետո երբեւէ չի նորոգվել, տանիքը կոտրված է, ապակիները` նույնպես, ո՛չ կույուղի ունի, ո՛չ էլ ջեռուցում: Պատերը էրոզիայի են ենթարկվել, քայքայված են: Գույքը ակտավորված է, բայց կան բաներ, որոնք պիտանի են շահագործման: Դեռեւս 2016 թվականին Մարտունու սանիպէդկայանից եկան ստուգեցին եւ արգելեցին հետագայում գույքն օգտագործել: Ընդհանրապես արգելեցին աշխատել: Եթե դրանից հետո գյուղապետը թույլատրեր աշխատել, ապա կտուգանվեր»,- պարզաբանեց հաշվապահ Դերենիկ Մանուկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Արծվանիստի մանկապարտեզի հետագա ճակատագրի հետ կապված զրուցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի հետ: «Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք այն համայնքներին, որոնցում ո՛չ մանկապարտեզ կա, ո՛չ էլ նախակրթարան: Այս տարի մենք կարողացանք մի քանի համայնքներում հինգ նախակրթարան բացել:
Արծվանիստ համայնքն ունի նախակրթարան, որտեղ հաճախում են 4 տարեկան երեխաներ: Հիմա այստեղ խնդիրը այն է, որ շենքը գտնվում է անմխիթար վիճակում, եւ 180 հազար դոլար է պետք, որպեսզի այն հիմնանորոգվի: Ծնողներն էլ բնական է, որ իրենց երեխաներին կտանեն այն մանկապարտեզներ, նախակրթարաններ, որոնք համապատասխանում են չափանիշներին: Դրա համար պետք է համայնքն իր ծրագրերում ներառի նաեւ այս խնդրի լուծումը եւ հետագա տարիներին գոնե հովանավորների կամ կազմակերպությունների, ինչու չէ, նաեւ համայնքային բյուջեի միջոցներով փուլ առ փուլ մանկապարտեզի վրա աշխատանքներ կատարել»,- նկատեց մասնագետը:
«Ժողովուրդ» օրաթերթը Արծվանիստի համայնքի ղեկավար Սամվել Օհանյանից հետաքրքրվեց`ինչու է աշխատավարձ վճարում մանկապարտեզի վարիչին ու պահակներին այն դեպքում, երբ մանկապարտեզը լուծարված է: Մեր հարցին ի պատասխան` գյուղապետն արձագանքեց. «Բա ի՞նչ անենք, ասե՛ք: Ես մանկապարտեզի վարիչին որ ազատեցի, ինքը դիմեց դատարան եւ վերականգնվեց այդ պաշտոնում: Հետո մարզպետարանից ասացին, մենք էլ վերանշանակեցինք նրան, 23 հազար դրամ գումար է ստանում: Գույք կա, մի անգամ մտել էին երեք տարի առաջ, գողացել էին տարել, այն ժամանակ մի պահակ ունեինք: Այլ տարբերակ չկա»:
Զրույցի ավարտին գյուղապետն ասաց, որ այս տարվա ընթացքում գումար են հավաքել, տնտեսելմանկապարտեզը հիմնանորոգելու համար: «Մարզպետի հետ էլ ենք խոսել, հնարավոր է` սուբսիդավորման միջոցով անենք: Մինչեւ տարեվերջ մոտ 7-8 մլն դրամ հավաքած կունենանք, եւ հնարավոր է` ծախսի 30 տոկոսը մենք փակենք, իսկ 70 տոկոսը` մարզպետարանը: Հաջորդ տարվա գարնանն անպայման նախաձեռնելու ենք մանկապարտեզի նորոգման աշխատանքները»,- հաստատեց գյուղապետը:
Սյունէ Համբարձումյան