Խաղողի մթերման գներն աճել են․ որքանով են վաճառում գյուղացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Առաջինը խաղողի մթերումն սկսել են Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում:

Այստեղ խաղողի մթերումը կատարվում է կիլոգրամը 150 դրամով: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ անցյալ տարի խաղողն ընդունվում էր 140 դրամով, իսկ այս տարի` նվազագույնը 150 դրամով: Իջեւանի գինու, կոնյակի գործարանում խաղողն ընդունվում է 155 դրամով, այնտեղ Բերդի տարածաշրջանից ներկրված խաղողի համար նաեւ տրանսպորտային ծախսն է հատուցվում, այդ խաղողի կիլոգրամն ընդունվում է 160 դրամով: Երեւանի Շամպայն-գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանում խաղողի ընդունման գինը 155 դրամ է:

Սակայն միայն Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում են անմիջապես վճարում ընդունած խաղողի համար, Իջեւանում եւ Դեբեդավանում վճարումները կատարվում են ավելի ուշ`ըստ սահմանված ժամանակացույցի: Վ. Սուքոյանը հայտնեց, որմինչեւ այժմ Բերդում ընդունել են 2500, Իջեւանում 430, Դեբեդավանում 200 տոննա խաղող: Առաջիկայում խաղողի մթերումը կսկսի Բերդավանի գինու գործարանը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս