Վճռաբեկը մերժել է Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը վարույթ ընդունել։ Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանները վճռաբեկ ատյան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։

Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները և նախկին նախագահին կրկին կալանավորելու որոշում կայացրել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ:

Երրորդ անգամ կալանավորվել էր հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, որոշել էր կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա  և Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ բեկանել, գործն ուղարկել նոր քննության։

Հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում էր կայացրել երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կարծում  են, որ այս որոշմամբ նա պետք է անհապաղ ազատվի կալանքից: Մինչդեռ մեղադրանքը պաշտպանող կողմը նշում է, որ ՍԴ որոշումն այդպիսի հիմք չի տալիս:




Լրահոս