ՄԱԿ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի բարեփոխումների օրակարգին. վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի
Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Արարողակարգային ձեռքսեղմումից և ՀՀ վարչապետի կողմից ՄԱԿ-ի հյուրերի գրքում գրառում կատարելուց
հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անտոնիո Գուտերեշի երկկողմ հանդիպումը։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետին ՄԱԿ-ի կենտրոնակայանում և նրա
մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Անտոնիո Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ը հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, ողջունում է ժողովրդավարական
զարգացումները և պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին և նրա ժողովրդին՝ առաջընթաց արձանագրելու գործում։

ՀՀ վարչապետը նշել է, որ ուրախ է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ հանդիպման առիթի համար և
շնորհակալություն հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից նախորդ տարեվերջին տեղի ունեցած
խորհրդարանական ընտրություններին աջակցության համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այդ օժանդակությունը նույնպես նպաստեց, որպեսզի Հայաստանում անցկացվեին վերջին 2 տասնամյակում ամենաժողովրդավարական ընտրությունները, որոնք միջազգային հանրության և դիտորդների կողմից գնահատվեցին որպես ազատ ու արդար:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի նոր կառավարությունը հանձնառու է կյանքի կոչել բարեփոխումների մեծ փաթեթ՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը, դատաիրավական ոլորտի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հավասար հնարավորությունների ապահովմանը, և Հայաստանը կարևորում է միջազգային գործընկեր կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցությունը բարեփոխումներն արագ և հաջող կյանքի կոչելու գործում։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից բարեփոխումների
նախաձեռնումը և ընդգծել, որ ՄԱԿ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Հայաստանի բարեփոխումների
օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ
աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ կառավարությունն արդյունավետ համագործակցում է ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ։

Հայաստանի վարչապետը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման գործընթացի, գլոբալ մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։




Լրահոս