«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրում է. «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը (կամ սպանությունը) ինձ հիշեցրեց Արթուր Մկրտչյանին, Արծրուն Մարգարյանին, Հենրիկ Խաչատրյանին, Վահրամ Խոռխոռունուն: (Առաջին երկու դեպքում նույնպես շրջանառվում էին թե՛ սպանության և թե՛ ինքնասպանության վարկածները): Հանցագործությունները չեն բացահայտվել, կասկածները շարունակում են կախված մնալ պետության վզին: Չեմ կարող չհիշել նաև, որ «հոկտեմբերի 27-ի» գործի հետ այսպես թե այնպես կապ ունեցող որքա~ն մարդ է մահացել կամ անհետացել՝ մարդիկ, որոնք (եթե քննությունը վարվեր ոչ «ուչաստկովիի» մակարդակով) կարող էին լույս սփռել այդ գործի հանգամանքների վրա: Այդ տարօրինակ դեպքերից ամենացնցողն այն էր, որ այդ գործով դատապարտված, մասնագիտությամբ էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը մահացել էր բանտում… էլեկտրական սարքի հետ անզգույշ վարվելու պատճառով:
Իհարկե, «Հոկտեմբեր 27-ի» գործն ավելի բարդ է, քան «մարտի 1-ը»՝ առաջինի դեպքում, վստահ եմ, ի թիվս այլոց, գործել են արտասահմանյան հատուկ ծառայությունների հմուտ պրոֆեսիոնալներ: Բայց երկու դեպքերում էլ նախկին իշխանությունների շահագրգռությունը՝ գործը չբացահայտելու հարցում, համաձայնեք, կասկածելի է:
Քոչարյանի պաշտպանական թիմը մասնագիտական առումով ակնհայտորեն ավելի ուժեղ է, քան մեղադրող կողմը: Դրա ապացույցներից մեկն այն է, որ Երկրորդ նախագահի փաստաբաններին հաջողվում է անել այնպես, որ «մարտի 1-ի» դատաքննությունը ամիսներ շարունակ այդպես էլ չսկսվի: Այդ ընթացքում կրճատվում է պոտենցիալ վկայություն տվողների թիվը: Հուսով եմ, որ ներկայիս իշխանությունը գոնե այնքան արհեստավարժ կգտնվի, որ կկարողանա ապահովել մնացած վկաների անվտանգությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: