Որ դատավորն է քննելու Դավիթ Սանասարյանի գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի քրեական գործն ուղարկվել է դատարան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Առաջադրված մեղադրանքը դատախազությունը հաստատել է, և գործն ուղարկվել է դատարան»,-ասաց Խաչատրյանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` դադարեցվել են ՊՎԾ պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատախազություն Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, որը մերժվել է:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Դավիթ Տարոնի Սանասարյանի, Սամվել Օլեգի Ադյանի, Գևորգ Ռոբերտի Խաչատրյանի, Տարոն Մարտիրոսի Ավետիսյանի գործը մակագրվել է դատավոր Դավիթ Կիմի Բալայանին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:




Լրահոս