Հրայր Թովմասյանը, իրավական հարցերը թողած, քաղաքական հարցերով է զբաղված. Հովիկ Աղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներկայացուցիչներն անցել են իրենց թիմակիցներին ճնշելու հաջորդ փուլին: Ըստ մեր տեղեկությունների` օրերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ է հրավիրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այն բանի համար, որ վերջինս իրենց ոչ ականջահաճո ձեւակերպումով հարցազրույց է տվել: Նույն տեղեկությունների համաձայն` Աղազարյանին հետ զրուցելուց հետո իշխանության ներկայացուցիչները պատգամավորին արգելել են միառժամանակ որեւէ թեմայի շուրջ լրատվամիջոցներով խոսել, որեւէ մեկնաբանություն ներկայացնել:

Ըստ նույն տեղեկությունների` վերջերս Ավինյան-Աղաջանյան «կոալիցիան» նույնաբովանդակ հանդիպումներ է ունենում իր թիմակիցների ու կուսակիցների հետ: Նրանք նախ ներկայացնում են այն ամենը, ինչի համար կանչել են, ապա հորդորում են այլեւս իրենց տարբերվող դիրքորոշման մասին հայտարարությամբ հանդես չգալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նշված երկու պաշտոնյաները այդ ամենն իրականացնում են այն պարզաբանումով, թե դա արվում է` ելնելով իրենց կուսակցության կանոնակարգից:

Բանն այն է, որ դեռեւս հունիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրել էր ՔՊ վերահսկող հանձնաժողովի կազմ, որի լիազորություններում ներառված է ներկուսակցական կարգապահական կանոնների ստեղծումը: Սակայն տարօրինակն այն է, որ այդ հանձնաժողովում ո՛չ Տ. Ավինյանն է ընդգրկված եւ ո՛չ էլ Է. Աղաջանյանը. թե ինչու են նրանք իրենց վերագրել նման գործառույթ, անհասկանալի է: Նշենք, որ այդ հանձնաժողովում ընդգրկված են Արամայիս Գրիգորյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը եւ Կարո Ղուկասյանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ` պարզելու համար, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ՔՊ-ում:

-Պարո՛ն Աղազարյան, ըստ մեր տեղեկությունների` օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ձեզ հրավիրվել են իրենց մոտ այն բանի համար, որ Դուք «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էիք, որ Դուք Հրայր Թովմասյանի դեմ գործընթաց չէիք սկսի, եթե նա, Ձեր խոսքով, «Մեր դեմ տղա չբերեր»: Այդ ամենի շուրջ Դուք զրուցե՞լ եք նրանց հետ:

-Չէ, նման բան չկա: Ես նման բան չէի ասել, իմ ասածը բոլորովին ուրիշ էր, դա չակերտների մեջ ասված խոսք է: Ընդամենը դա նշանակում էր, որ Հրայր Թովմասյանը, իրավական հարցերը թողած, քաղաքական հարցերով է զբաղված, իսկ այդ արտահայտությունը ես արել եմ որպես թեւավոր խոսք: Իրականում այլ բանի մասին է եղել խոսքս:

-Բայց, ըստ մեր տեղեկությունների, Ձեզ հորդորել են միառժամանակ որեւէ թեմայի շուրջ հարցազրույցներ չտալ, դիրքորոշումներ չներկայացնել: Արդյոք Ձեր թիմակիցները նման հորդորով դիմե՞լ են Ձեզ:

-Տիգրան Ավինյանին եւ Էդուարդ Աղաջանյանին ես միասին տեսել եմ անհիշելի ժամանակաշրջանում, ես հանդիպում չեմ ունեցել: Ես չեմ խուսափում ինչ-որ հարցերի մասին խոսել, դիրքորոշում ներկայացնել, կարծիք հայտնել, այդպիսի բան չկա:

-Այսինքն` տարաձայնություններ, տարակարծություն չունե՞ք Ձեր կուսակցությունում:

-Լինում են, իսկ դա նրա համար է, որ յուրաքանչյուրը ազատ է իր կարծիքը հայտնելու: Ես իմ փոխարեն կարող եմ ասել` ես իմ կարծիքը հայտնում եմ: Մարդ պետք է չմտածի, որ իր տեսակետը ամենաճիշտն է, հետեւաբար լինում են հարցեր, որ ամեն մեկը տարբեր կարծիք է ունենում: Իսկ ես համարում եմ, որ նորմալ երեւույթ է: Ես իմ կարծիքը ներկայացնում եմ միշտ: Կներեք, ես վատառողջ եմ, չեմ կարողանում այլեւս շարունակել, կներեք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս