Ամեն լավ բան ինձ մեծ դժվարությամբ է տրվել. Ծովինար Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն է:

-Ծովինա՛ր, Ձեր էներգիայի մեծ մասը ծախսում եք…

-Փորձում եմ հավասարաչափ բաշխել էներգիաս՝ ծախսելով ընտանիքիս եւ թատրոնի վրա:

-Կա՞ մեկը, որին Ձեզնից էլ շատ եք վստահում:

-Այո, ամուսինս է:

-Ստելը որեւէ պարագայում կարո՞ղ է արդարացվել:

-Ոչ, ես նախապատվությունը տալիս եմ դառը ճշմարտությանը, ոչ թե քաղցր ստին:

-Փախչում եք անպատասխանատո՞ւ, բռնկո՞ւն, թե՞ բծախնդիր մարդկանցից:

-Անպատասխանատու:

-Եթե աշխարհ չգայիք, կափսոսայիք…

-Զավակներիս չունենալու եւ թատրոնում չլինելուս համար:

-Ամենադժվարը Ձեզ կյանքում տրվել է…

-Ամեն լավ բան ինձ մեծ դժվարությամբ է տրվել: Հեշտությամբ ոչնչի չեմ հասել իմ կյանքում:

-Ամենաանհավանական բանը, որ Ձեզ հետ երբեւէ տեղի է ունեցել:

-Չեմ կարող ասել, բայց եղել է նման բան:

-Նախընտրում եք աշխատել խի՞ստ, թե՞ ազատ գրաֆիկով:

-Կցանկանայի ազատ լինել այդ առումով, բայց աշխատում եմ խիստ գրաֆիկով:

-Այս պահին հաճույքով կլսեիք դիզայների՞, կոսմետոլոգի՞, թե՞ հոգեբանի խորհուրդները:

-Երեքին էլ կլսեի:

-Մարդաշատ վայրեր սիրու՞մ եք:

-Ոչ այդքան, բայց գործի բերումով շատ եմ լինում նման տեղերում: Ամեն դեպքում, նախընտրում եմ ուշադրությունից դուրս մնալ:

-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Քանի որ չեմ լինում այնտեղ, որտեղ բամբասում են կամ քննարկում են բամբասանքներ, ականջովս չի ընկել նման բան: Իսկ, ընդհանրապես, փորձում եմ ապրել այնպես, որ բամբասելու առիթ չտամ:

-Ձեր կյանքի մեծ փորձություն, որ հաղթահարել եք պատվով:

-Իմ կյանքի բոլոր փորձությունները հաղթահարել եմ պատվով: Արժանապատվությունն ինձ համար առաջին տեղում է:

-Միշտ հաճույքով եք հիշում այն տարիները, երբ…

-Ամեն տարին ունի իր գույնը… Հաճույքով եմ հիշում հատկապես ուսանողական տարիներս, զավակներիս ծնվելու տարիները եւ, առհասարակ, բոլոր տարիները…Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում:

-Մի գիծ, որ կցանկանայիք փոխել Ձեր բնավորության մեջ:

-Կուզենայի ավելի քիչ խոսել:

-Այդպես էլ չհասկացաք այն մարդկանց, որոնք…

-Նախանձ են, վնասատու:

-Ո՞վ է Ձեր սիրելի կոմպոզիտորը:

-Տիգրան Մանսուրյանը:

-Ձեր սիրելի կտավը:

-Այվազովսկու նկարներն եմ սիրում, հատկապես՝ «Իններորդ ալիքը», ինչպես նաեւ Վան Գոգի «Արեւածաղիկները»:

-Եթե թղթե նամակներ գրելու մշակույթը պահպանված լիներ, ու՞մ նամակներ կգրեիք:

-Չեմ ասի (ծիծաղում է):

-Ձեր ներկայիս տրամադրության գույնը:

-Ալ կարմիր կամ վառ նարնջագույն:

-Ձեզ կարելի՞ է կենցաղում համարել գլուխ պահող:

-Այո: Դե ուզած-չուզած անում եմ տնային գործերը, բայց վերջերս նաեւ գլուխ եմ պահում: Իհարկե, եթե անում եմ, լավ եմ անում: Կա՛մ չեմ անում, կա՛մ լավ եմ անում:

-Ուտեստ, որից երբեք չեք հրաժարվի:

-Սպաս: Ինքս էլ պատրաստում եմ այն:

-Խոհանոցում ինչպիսի՞ն եք:

-Ստեղծագործող եմ, սիրում եմ դիմել իմպրովիզների: Չեղած տեղից կարող եմ մի հետաքրքիր ճաշատեսակ ստանալ, անունն էլ դնել պարզապես «Համովիկ», քանի որ կոնկրետ բաղադրատոմս չունեն:

-Կա՞ մի կարգախոս, որ փոխանցել եք Ձեր զավակներին:

-Այո, այն է՝ «Բոլոր, անգամ ամենադժվար իրավիճակներում մնա մարդ»:

-Սիրելի գրողը:

-Սարոյան, Մարկես, Նարեկացի: Դե Նարեկացի ամեն օր եմ թերթում, «Նարեկ»-ն իմսեղանի գիրքն է, որն ամեն օր վերընթերցում եմ:

-Քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:

-Բացարձակ, չեմ էլ ուզում:

-Եթե ոչ դերասանուհի, կդառնայիք…

-Երգչուհի, թերեւս ջազային, բլյուզ երգեր կկատարեի: Տարբեր ժանրերում կփորձեի ինձ:

-Մարդիկ սովորաբար ասում են, որ Դուք…

-Որ ես մոգական եմ: Հենց նոր Տիգրան Ներսիսյանին հարցրի, նա այդպես ասաց (ծիծաղում է):

-Ամուր ընտանիք ունենալու համար բացի սերը կարեւոր է…

-Իրար հարգելը, փոխզիջումների գնալը, միմյանց չխանգարելը, անձնական տարածությունը պահելը: Որքան էլ մեկ են դառնում ամուսինները, ամեն դեպքում, յուրաքանչյուրն ունի իր ներաշխարհը:

-Կա՞ մի հարց, որ չտվեցի, բայց Դուք կցանկանայիք որ այն հնչեր:

-Ոչ (ծիծաղում է): Բոլոր հնարավոր հարցերը տրվեցին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս