Տավուշի մարզպետի «կիքսերը»․ շարունակում է զարմացնել մարզի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արտառոց հայտարարություններով շարունակում է զարմացնել մարզի բնակիչներին: Նա այս տարվա մայիսի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց, որ մինչեւ 2025 թվականը նախատեսվում է արտերկրից սահմանամերձ Տավուշի մարզ վերադարձնել առնվազն 5000 ընտանիք, Տավուշի մարզի զարգացումը բնութագրող ինդիկատորը ժողովրդագրության ցուցանիշներն են:

Նա ասաց, որ առաջիկայում 10 ընտանիք պատրաստվում էհայրենադարձվել Տավուշի մարզ` չնշելով, թե որ համայնքներում եւ երբ են նրանք վերաբնակվելու: Մարզպետը նույն ասուլիսում հայտարարեց, որ 2019թ. ամռանը Տավուշում մարզային հեռուստաընկերություն կգործարկվի,գյուղատնտեսական հաղորդաշար կհեռարձակվի, ու գյուղատնտեսության վերաբերյալ պարբերաբար օգտակար խորհուրդներ կլինեն: Տավուշի մարզում վերաբնակվող ընտանիքներ առայժմ չկան,մարզային հեռուստաընկերություն չի գործարկվել:

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների, գյուղերի վարչական ղեկավարների, մարզպետարանի աշխատողների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ մարզպետ Չոբանյանը համայնքների ղեկավարներին հայտնել է, որ նրանք չպետք է տարբերակեն համայնքների մանկապարտեզները եւ հանրակրթական դպրոցները, նույնկերպ պետք է զբաղվեն դպրոցների խնդիրների լուծմամբ: Դպրոցները գտնվում են պետական ենթակայության ներքո, իսկ մանկապարտեզները` համայնքների:

Տավուշի մարզի համայնքների բյուջեն չի բավարարում համայնքների բազմաթիվ եւ բազմաբնույթ հիմնահարցերը վճռելուն, էլ ուր մնաց պետական ֆինանսավորում ստացող դպրոցների հիմնախնդիրները լուծելուն:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում սեպտեմբերի 24-ին հայտարարություն է զետեղվել այն մասին, որ մարզում մինչ այժմ կուտակված խոտը բավարար չէ անասնագլխաքանակի ձմեռացումն ապահով կազմակերպելու համար, այդ նպատակով Տավուշի մարզպետարանը աջակցության միջոցառումներ է նախաձեռնել եւ պարտավորվում է բոլոր այն ֆերմերներին, ովքեր խոտի գնման եւ կուտակման հետ կապված խնդիր ունեն, տեղական պատասխանատուների միջոցով փոխհատուցել խոտի տեղափոխման ծախսերը: Այդ հայտարարության մեջ, որպես կոնտակտային տվյալ, նշված է Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Գեւորգյանի բջջային հեռախոսահամարը:

«Ժողովուրդը» զանգահարեց այդ հեռախոսահամարով, Վ. Գեւորգյանը զարմացավ, որ հայտարարության մեջ իր հեռախոսահամարն է: Նա ասաց, որ ֆերմերների անասունների համար խոտի տեղափոխման ծախսերը հնարավոր է հետագայում փոխհատուցվեն միջազգային ինչ-որ բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, սակայն չկարողացավ հայտնել, թե ովքեր են հայտարարության մեջ նշված «տեղական պատասխանատուները»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս