ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունն անցել է գործի. որ պատգամավորներն են նկատողություն ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներկայացուցիչներն անցել են իրենց թիմակիցներին ճնշելու հաջորդ փուլին: Ըստ մեր տեղեկությունների` օրերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ է հրավիրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այն բանի համար, որ վերջինս իրենց ոչ ականջահաճո ձեւակերպումով հարցազրույց է տվել:

Նույն տեղեկությունների համաձայն` Աղազարյանին հետ զրուցելուց հետո իշխանության ներկայացուցիչները պատգամավորին արգելել են միառժամանակ որեւէ թեմայի շուրջ լրատվամիջոցներով խոսել, որեւէ մեկնաբանություն ներկայացնել:

Ըստ նույն տեղեկությունների` վերջերս Ավինյան-Աղաջանյան «կոալիցիան» նույնաբովանդակ հանդիպումներ է ունենում իր թիմակիցների ու կուսակիցների հետ: Նրանք նախ ներկայացնում են այն ամենը, ինչի համար կանչել են, ապա հորդորում են այլեւս իրենց տարբերվող դիրքորոշման մասին հայտարարությամբ հանդես չգալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նշված երկու պաշտոնյաները այդ ամենն իրականացնում են այն պարզաբանումով, թե դա արվում է` ելնելով իրենց կուսակցության կանոնակարգից:

Բանն այն է, որ դեռեւս հունիսին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրել էր ՔՊ վերահսկող հանձնաժողովի կազմ, որի լիազորություններում ներառված է ներկուսակցական կարգապահական կանոնների ստեղծումը: Սակայն տարօրինակն այն է, որ այդ հանձնաժողովում ո՛չ Տ. Ավինյանն է ընդգրկված եւ ո՛չ էլ Է. Աղաջանյանը. թե ինչու են նրանք իրենց վերագրել նման գործառույթ, անհասկանալի է: Նշենք, որ այդ հանձնաժողովում ընդգրկված են Արամայիս Գրիգորյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը եւ Կարո Ղուկասյանը:




Լրահոս