Ինչու չի լուծվում հայ բեռնափոխադրողների խնդիրը. Վերին Լարսում անծայրածիր հերթերի առաջացման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան մեկ շաբաթ է` Վերին Լարսի անցակետում մեծ հերթեր են, ինչի հետեւանքով հայ բեռնափոխադրողները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Իրենք ստիպված են լինում օրեր անցկացնել անցակետում, իսկ արտահանման մթերքը մեքենաներում փչանում է: Խնդիրը հիմնականում բեռների` սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմերին անհամապատասխանությունն է։

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով Վերին Լարսի հերթերին, ասաց. «Բաց է, ուղղակի մեծ հերթեր են, շատ դանդաղ են շարժվում: Ինչ -որ մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են նայում, ստուգում:

Նախկինում էլ էին նայում, բայց այդքան շատ չէին մանրանում: Իսկ հիմա 100 կիլոգրամի համար են կանգնեցնում, ակտ են գրում, թուղթ են լրացնում, իսկ դա ժամանակատար գործընթաց է, որն էլ մեծ հերթերի առիթ է դառնում»:
Նրա խոսքով` Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մթերքի, մրգի գնորդները, հնարավոր է, հրաժարվեն ապրանքից` իմանալով, որ այն սահմանված ժամկետից մի քանի օր ուշ է հասնելու իրենց:

«Չենք իմանում` քաղաքական, տնտեսական, թե տեխնիկական խնդիր է: Մթերքը սառնարանի մեջ է, հիմա եթե սառնարանը 3-4 օր աշխատի, ոչինչ, բայց եթե փչացավ, ո՛չ կարող ես դատարկել, ո՛չ հետ գալ, ո՛չ էլ առաջ գնալ: Գնորդներն էլ են մտահոգված, քանի որ իրենք միրգը, մյուս գյուղմթերքը վերցնում են, որ վաճառեն, փող աշխատեն, բայց եթե փչացած կամ հասունացած միրգը տանեն, իհարկե չեն վերցնի, խնդիր կառաջանա: Պատասխանատվության տակ կընկնի մթերքի տերն է՛լ, փոխադրող ընկերությունն է՛լ, ու կսկսեն պարզաբանումները»,- նկատեց մասնագետը:

Պարզվում է` Հայաստանից արտահանողները կշռում են, ապա շարժվում. «Բայց առանցքը կշռելու համար հատուկ կշեռք է անհրաժեշտ: Երեւանում կամ գոնե Բագրատաշենում պետք է լինի նման կշեռք, չկա»:

Բեռնափոխադրողները խիստ զարմացած են ռուսական կողմի թերեւս ագրեսիվ վերաբերմունքից: «Նախկինում եղել է նման երեւույթ, բայց եթե շատ էր բեռը լինում, օրինակ` 1.5 տոննա, ակտ էին գրում ու բաց թողնում, իսկ հիմա 300 կգ ավել բեռի դեպքում էլ են ակտ կազմում: Խստացրել են: Իսկ նախկինում բեռնափոխադրող ընկերության հասցեով ուղարկվում էր ակտը, որը ժամանակի ընթացքում կարողանում էիր վճարել, բայց հիմա սպասում են. մինչեւ փողը չուղարկես իրենց նշած հասցեով, բաց չեն թողնում»,- լրացրեց Հերբերտ Համբարձումյանը:

Եւ ստեղծված իրավիճակի ֆոնին Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ կապի մեջ է Վերին Լարսի անցակետի գործընկերների հետ, սակայն դրական տեղաշարժ չկա: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռուսաստանից ներկրվող փայտը, որը շինարարության մեջ է կիրառվում, 20 հազար դրամով թանկացել է: Դրանք տեղափոխող բեռնատարները արդեն մի քանի օր է` Վերին Լարսի անցակետում կանգնած են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս