Պատմական ուրախ էքսկուրս՝ Լոռի բերդում. փառատոնի մասնակիցներին անակնկալներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին «Լոռի բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում տեղի կունենա «Բագրատունյաց ժառանգություն» խորագիրը կրող փառատոն: Միջոցառման կազմակերպիչն է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Փառատոնի մուտքն ազատ է, եւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ շունչ է ունեցել միջնադարյան Հայաստանը, կարող են ուղեւորվել Լոռի բերդ՝ մասնակցելու փառատոնին։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, փառատոնի կազմակերպիչ Խորեն Գրիգորյանի հետ:

-Խորե՛ն, Հայաստանում փառատոնները մեծ մասամբ կազմակերպվում են մեծ քաղաքներում՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում… Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք փառատոնը կյանքի կոչել Լոռի բերդում: Ինչո՞վ է այն առանձնանալու:

-«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, կառավարության որոշմամբ, զբաղված է Հայաստանի 13 որգելոցների զարգացմամբ եւ հանրահռչակմամբ: Այսօր մեր իրականության մեջ հուշարձան ասելիս շատերը պատկերացնում են միայն եկեղեցի ու խաչքար, մաքսիմում նաեւ՝ «Գառնին» ու «Զվարթնոցը»: Մենք մտադրվել ենք ընդլայնել այդ ընկալումը: Մենք ունենք պատմամշակութային լուրջ արժեք ներկայացնող հուշարձաններ, ինչպես, օրինակ, Լոռի բերդը, Ամբերդը, Բջնին, որոնք տարիներ շարունակ անուշադրության են մատնված եղել: Մենք պետք է արգելոցները հանրահռչակենք: Լոռի բերդ քաղաքատեղին որոշեցինք նշանավորել իր անցավորներով՝ Բագրատունյաց տոհմով: Լոռի բերդը Կյուրիկյան իշխանության գահանիստ քաղաքն էր, իսկ Կյուրիկյանները Բագրատունիների ճյուղն էին հանդիսանում: Հիմա մենք «Բագրատունյաց ժառանգություն» խորագրով ներկայացնելու ենք մեր կենցաղավարությունը արքունական հիմքից: Չգիտես ինչու, հայկական իշխանական անցյալից Հայաստանում քիչ է խոսվում, բայց մենք ունեցել ենք իշխանական լուրջ ժառանգություն:

-Որոշ ժամանակ առաջ Լոռի բերդում մի երիտասարդ էր ընկել ձորը, մահացել: Այսինքն՝ տեղանքն այնքան էլ անվտանգ չէ: Քայլեր ձեռնարկե՞լ եք փառատոնը մաքսիմալ անվտանգ պայմաններում անցկացնելու ուղղությամբ:

-Այո, մենք ամբողջովին ցանկապատել ենք Լոռի բերդը: Բավական բարձր ցանկապատ ենք դրել: Արդեն ընթացքի մեջ են սանհանգույցների շինարարական աշխատանքները:

-Ըստ Ձեզ՝ այս փառատոնը երիտասարդներին ինչո՞վ կարող է գրավել:

-Փառատոնի շրջանակում հնչելու է ռիթմիկ երաժշտություն, հանդես են գալու «Բամբիռ»-ի մաս հանդիսացող «Վիշապ» համույթը՝ միջնադարյան երաժշտության հիմքի վրա պատրաստած կատարումներով, եւ «Որդան կարմիր» ռոք խումբը: Ունենալու ենք ազգային երգ ու պար բերդի պարիսպների, աշտարակի վրա: Անցկացվելու են իշխանական պարերի դասեր: Ունենալու ենք պոդիում, որտեղ «Տերյան» մշակութային կենտրոնը ցուցադրելու է արքունական տարազներ՝ թագավորների, թագուհիների: Միջնադարյան ուտեստների պատրաստման վարպետաց դաս կանցկացնի Սեդրակ Մամուլյանը, կունենանք ֆուդկորտ` ազգային ճաշատեսակներով, Լոռի բերդ այցելությունը կուղեկցվի Բագրատունյաց թագավորության հիմնադիր «իշխանի» էքսկուրսիայով, կանցկացվեն երաժշտական մենամարտեր, կոխ, կցուցադրվի Բագրատունյաց թագավորության օրոք սելջուկների հետ բախման տեսարան եւ այլն: Այնպես որ, փառատոնը հետաքրքիր կլինի թե՛ երիտասարդների, թե՛ մեծերի համար:

Հավելենք, որ փառատոնի իրականացմանն աջակցում են Լոռու մարզպետարանը, ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանը, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ-ն, ինչպես նաեւ «Տերյան» մշակութային կենտրոնը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս