Հայաստանում Եվրոպական Միությունը ողջունում է, որ ՀՀ կառավարությունը կամք է դրսևորում ՍԴ բարեփոխումներ իրականացնելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին:
«Մենք ողջունում ենք այն փաստը, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է կամք ՍԴ բարեփոխումներ իրականացնելու համար: Մենք այս առումով աջակցում ենք փորձագիտական ոլորտում և ողջունում ենք նաև քաղաքացիական հասարակության և Կառավարության միջև երկխոսությունը»,- նշեց Վիկտորին:
Անդրադառնալով Հայաստանում անցումային արդարադատության իրականացմանը ԵՄ-ի աջակցության հարցին՝ դեսպանը նշեց, որ դա գործընթաց է, ինչի վերաբերյալ չի ցանկանում մեկնաբանություն անել:
«Անգլերեն տարբերակով մենք դեռ չունենք այդ ռազմավարության նախնական տարբերակը, և, երբ ունենանք՝ մեր փորձագետները կներկայացնեն իրենց կարծիքը»,- ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:
Նա նշեց նաև, որ վերջին շաբաթում շատ ակտիվ աշխատում են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ընդգծեց, թե իր տպավորությունն այնպիսին է, որ համագործակցության եզրերն այդ երկու գերատեսչությունների միջև բավականին սերտ են: