Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 45-ամյա Կարեն Շ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48 կմ հատվածում՝ Արարատ գյուղի վարչական տարածքում, իր վարած VAZ 2106 մակնիշի 35 NU 448 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատ գյուղի բնակիչ 66-ամյա Աշոտ Դ․-ի վարած ձիով լծված սայլին։
Բախման հետևանքով պոկված բեկորները շպրտվել և դիպել են հանդիպակաց ուղեմասով ընթացող Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Ալիկ Հ․-ի վարած Mercedes մակնիշի 34 QC 881 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Աշոտ Դ․-ն, Կարեն Շ․-ն, վերջինիս ուղևորներ՝ 39-ամյա Երջանիկ Ս․-ն, 18-ամյա Նաիրա Շ․-ն և 10-ամյա Միլենա Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Հարվածի արդյունքում էլ ձին սատկել է։