ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտգործնախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: «ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձան կազմակերպության շրջանակում ընթացող աշխատանքներին և գործընթացներին:
Անդրադառնալով բազմակողմ դիվանագիտության դերին և նշանակությանը՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները պայմանավորվեցին առավել գործնական ջանքեր գործադրել՝ միջազգային հարթակներում անդամ-պետությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության սերտացման ուղղությամբ:
Նախարար Մնացականյանն արտգործնախարարների ուշադրությանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների միասնական մոտեցումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և ամրապնդման գործում՝ այդ թվում ռազմաքաղաքական հավասարակշռությունը չխախտելու միջոցով:
Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդունեցին երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: