«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ սահմանադրական դատարանը ընթացիկ տարվա համար գնել է 33 հազար 100 լիտր պրեմիում տեսակի բենզին, ինչի համար պետական բյուջեից ծախսել է 13 մլն 902 հազար դրամ, այսինքն` 1 լիտրը 420 դրամով: Ընդ որում` 18 հազար 100 լիտր պրեմիում տեսակի բենզինի գնման պայմանագիրը կնքվել է օգոստոսի 7-ին «Ֆլեշ» ընկերության հետ, իսկ 15 հազար լիտր պրեմիում տեսակի բենզինի պայմանագիրը` ապրիլի 3-ին «Սի Փի Էս Օիլ քորփորեյշըն»-ի հետ:
Բայց ուշագրավ է այն փաստը, որ ՍԴ-ն, որն ընդամենը 9 դատավոր ունի, որոնք տնից աշխատանքի են գալիս եւ գնում տուն, այդքան շատ բենզինի կարիք ունեն: Օրինակ, ՍԴ 1 դատավորի հաշվով ստացվում է օրական 16 լիտր վառելանյութ: Դժվար է պատկերացնել, որ ՍԴ անդամները օրական շուրջ 100 կիլոմետր ճանապարհ են կտրում դատարան հասնելու համար: Ենթադրվում է, որ ՍԴ-ն նախընտրել է գնել պրեմիում տեսակի բենզին, քանի որ, ըստ տարածված կարծիքի, այն չի վնասի ավտոմեքենաների շարժիչները եւ չի առաջացնի լրացուցիչ ծախսեր` տեխնիկական պայմաններին չհամապատասխանող վառելիքի օգտագործման հետեւանքով վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Ինչպես հայտնի է, շուկայում պրեմիում բենզինը վաճառվում է ավելի բարձր գնով, քան ռեգուլյարը: