Դեռեւս հունիսին ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նպատակ ունի օրինագծի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնել սեպտեմբերին, որպեսզի արդեն հոկտեմբերին հանձնաժողովը ձեւավորվի ու գործի:
Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում առաջարկվում է փոփոխել հանձնաժողովի ձեւավորման կարգը հետեւյալ տրամաբանությամբ. հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի կառավարությունը, իսկ անդամի դեպքում՝ այն մարմինը, որին նախապես վերապահվել է նախագահի թեկնածու առաջադրելը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է Աժ պետական-իրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հետ:
-Պարո՛ն Ատոմյան, արդեն ընդունել եք «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սակայն դեռեւս հանձնաժողովի կազմավորման համար պետք է այն երկրորդ ընթերցում անցնի, ինչի համար էլ կրկին հետաձգվում են հանձնաժողովի աշխատանքները: Փաստացի հանձնաժողովը չի գործում. ինչո՞ւ ավելի վաղ չէիք հանձնաժողովը ձեւավորում, որ նման խնդրի առաջ չկանգնեիք:
-Առաջին ընթերցմամբ անցել է նախագիծը, պարոն Միրզոյանն արդեն ներկայացրել է նախագիծը, որը բաղկացած է լինելու 5 անդամից: Մենք հերթականությամբ անում ենք այն պրոցեսները, որոնք պետք են նախագծի ընդունման համար: Չեմ կարծում, որ որեւէ ուշացում կա, արդեն մենք ունենք առաջին քվեարկությունը: Հանձնաժողովի նախագահին առաջադրելու է ՀՀ վարչապետը: Քանի որ այս հանձնաժողովի ձեւավորված կազմ դեռ չունենք, մոտեցումն առաջարկում եմ սահմանել հետեւյալ կերպ. հանձնաժողովի առաջին կազմի՝ վեցական տարով երկու անդամի թեկնածության առաջադրումը վերապահվելու է ԱԺ իշխող խմբակցությանը, չորս տարով անդամի թեկնածության առաջադրումը՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ երեք տարի ժամկետով անդամի թեկնածության առաջադրումը՝ Բարձրագույն դատական խորհրդին: Այս հանձնաժողովի գործառույթները սահմանվելու է կոռուպցիայի կանխարգելման օրենքով, իսկ հանձնաժողովի գործառույթն է լինելու վերլուծել հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը: Իսկ այդ ամենի ուսումնասիրության արդյունքում վարույթներ են հարուցվելու: Լինելու է երեք ձեւով վարույթի հարուցում` կլինի դիմումի հիման վրա վարույթի հարուցում, կլինի նաեւ այդ հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում, այսինքն` հանձնաժողով ներկայացնելուց հետո հայտարարագրերը ի գիտություն չեն ընդունվելու, դրանք ուսումնասիրության են ներկայացվելու: Այսինքն` եթե պաշտոնի անհամատեղելիություն կլինի, արդեն հանձնաժողովը վարույթ կհարուցի, կհասկանա` որն է իրական, որը անիրական:
-Բայց, ըստ Ձեզ, նորաստեղծ հանձնաժողովը կարողանալո՞ւ է լուծել կոռուպցիոն ռիսկերը, վարույթ հարուցելու միջոցով հնարավոր կլինի՞ պաշտոնյային պատժել, որպեսզի կոռուպցիոն գործելաոճ, վարքագիծ չդրսեւորի:
-Հանձնաժողովը բարձրացված բոլոր խնդիրները, հարցերը, իմ կարծիքով, լուծելու է: Ես կարծում եմ, որ դրա միջոցով ավելի պարզ ու թափանցիկ է դառնալու պաշտոնատար անձանց գործունեությունը: Եթե մինչ այս գործում էր պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որտեղ ներկայացվում էր պաշտոնատար անձի ունեցվածքը, ապա այս հանձնաժողովի գործառույթներն ավելի են ընդլայնվելու: Ես կարծում եմ, որ իսկապես մենք շատ գործ ունենք անելու այս ոլորտում ու արդյունքի կհասնենք, եթե հետեւողական լինենք այս աշխատանքում:
-Պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին ղեկավար Սիրանույշ Սահակյանի կարծիքով` այս ժամանակահատվածում պաշտոնյաները կարող են օգտվել առիթից ու չներկայացնել իրենց հայտարարագրերը: Փաստորեն, խաթարվել են հանձնաժողովի աշխատանքները. սա Ձեր խմբակցությանը չի՞ մտահոգում:
-Չեմ կարծում, որ մտահոգվելու բան կա, քանի որ այս ժամանակահատվածում պաշտոնյաները, կարծում եմ, բարեխիղճ են գտնվել ու ներկայացրել են իրենց հայտարարագրերը: Այսօրվա իշխանության պաշտոնյաները, չեմ կարծում, որ խուսափելու բան ունեն. բոլորն էլ բարեխիղճ են: Իսկ արդեն նորաստեղծ հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված հայտարարագրերը. եթե ինչ-որ մեկը փորձել է թաքցնել իր ունեցվածքը, ապա այդ ամենը վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա, ու պատասխանատվության կենթարկվի:
-Այսինքն` կարծում եք, որ ներկայիս իշխանական պաշտոնյաները կոռուպցիոն ռիսկերի չե՞ն գնա: Վատ նախադեպ եք ունեցել. ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալը փորձել էր կաշառք վերցնել. սա չի՞ նշանակում, որ այն կարող է կրկնվել:
-Նախկին իշխանությունները տարբեր գործալոճով` իրենց ունեցվածքը թե՛ փոխառություն ձեւակերպել, թե՛ իրենց ունեցվածքը իրենց ծանոթ, բարեկամ, հարազատների անուններով գրանցել, բայց ներկայումս նման բան չկա: Ներկայիս իշխանությունները ո՛չ մեծ կապիտալ ունեն, ո՛չ թաքցնելու, կոպեկ առ կոպեկ ներկայացնում են իրենց ունեցվածը, ու որեւէ կասկածի տեղիք չի տալիս: Իսկ եթե կլինեն մարդիկ, Ձեր ասածը եւ այլն, ապա իշխանությունները անպայման կկանխեն: Մենք չենք հանդուրժելու կոռուպցիան, դրա մասին բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետը: Մենք ասել ենք, որ պաշտոնատար անձը պետք է զբաղվի իր պաշտոնի գործառույթով, մենք թալանով չեն զբաղվում, դա մեր իշխանություններին հարիր չէ: Ամենազարգացած երկրներում էլ կա, որ ինչ-որ մեկը փորձում է կոռուպցիոն ռիսկ ձեւավորել, մենք որեւէ բան չենք բացառում, բայց այժմ 99 տոկոսով ամեն ինչ պարզ ու թափանցիկ է, մենք պայքարելու ենք ցանկացած կոռուպցիոն ռիսկի դեմ: Դա լինելու է մեր հիմնական աշխատանքը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՌԱՆՑ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՏՈՆԱԿԱՆ ՕՐ
Այսօր Հայաստանը տոնում է ՀՀ Սահմանադրության օրը: Ուշագրավն այն է, որ այս տոնական օրը ՀՀ-ից բացակայում են պետական պաշտոնյաները:
Բանն այն է, որ ՀՀ-ում չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկրում չէ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, գործուղումների մեջ է գտնվում նաեւ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Սահմանադրական դատարանում Սահմանադրության օրվա կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տարբեր նախարարներ, ԱԺ խմբակցություններից պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ: Իսկ այժմ հայտարարված է, որ Սահմանադրության օրվա հետ կապված կլինեն ուղղակի քայլերթեր` նշելու ՀՀ-ում Սահմանադրության օրը: Բայց թե ինչու են իշխանությունները որոշել սահմանափակվել միայն երթով, անհասկանալի է, քանի որ այն իսկապես լուրջ տոն է այսօրվա Հայաստանում: Նշենք, որ գործող Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով: 2005 եւ 2015 թվականներին կրկին հանրաքվեով այն փոփոխվել ու լրացվել է:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ
Նախկին իշխանությունների ժամանակ մարզպետ աշխատած անձանց մեղադրյալի աթոռին նստեցնելու օպերացիան մեկնարկել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարանի առաջ է կանգնել Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ «Գրէդշին» ՍՊԸ-ի միջեւ կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի եւ չկատարված լինելու պայմաններում հաստատել եւ շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի հետեւանքով էական վնաս է հասցրել պետությանը: Այս արարքի համար նախաքննական մարմինը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը շահերին հակառակ օգտագործելը») եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասի («Պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը») հատկանիշներով:
Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքներից` եթե դատարանը նրան առավելագույն պատիժ սահմանի, ապա Սահակյանը ազատազրկման կդատապարտվի 7 տարի ժամկետով: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ դատարանը Սարգիս Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Հավելենք, որ Սարգիս Սահակյանը ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբայրն է:
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ
Հուլիսի 8-ին` հուլիսի 9-ի Ազգային ժողովի արտահերթ նիստին ընդառաջ, տեղի կունենա ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստ, որի ժամանակ կքննարկվի Պետական գույքի մասնավորեցման մասին 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը: Այն կներկայացնի Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նախագիծը, պարզեց, որ 2017-2018 թվականներին ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձեւով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը եւ 1 գույք, ինչպես նաեւ աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայմանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը: Տեղեկացանք, որ ուղղակի ձեւով մասնավորեցված ընկերություններն են «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն եւ «Երառսպասարկում» ՓԲԸ-ն: Այս հաշվետվությունը կքննարկվի նաեւ արտահերթ նիստում: