«Մեր օրակարգում են Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը շատ ոգեւորիչ է», – դեռեւս մայիսի 9-ին այսպիսի հայտարարություն էր արել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նրա հայտարարությունից եւ ընթացող գործընթացների շուրջ կրքերը չեն հանդարտվում:
Նախ նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելմանը եւ դրա դեմ պայքարին: Այս նախագծում կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելիության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին եւ այլն: Եվ այժմյան իշխանությունների ընդդիմախոսները պնդում են, թե հենց նոր իշխանություններն են ցանկանում այդ կոնվենցիան անցկացնել եւ լայն թափով լծված են այն առաջիկայում խորհրդարանում վավերացնելուն:
Եվ մինչ բոլորը սլաքներն ուղղում են նոր իշխանությունների ուղղությամբ եւ նրանց մեղադրում հակասահմանադրական եւ հայերին ոչ հարիր կոնվենցիա ընդունելու համար, նկատենք, որ Հայաստանը կոնվենցիան ստորագրել է ՀՀԿ-ի օրոք` 2018 թվականի հունվարի 18-ին, եւ ներկայիս իշխանությունների համար այն վավերացնելը միջազգային պարտավորություն է, որը ժառանգել է նախորդ իշխանությունից։ Ընդ որում, Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներից այս կոնվենցիան չեն ստորագրել միայն 2-ը՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, իսկ չի վավերացրել 11 երկիր՝ Չեխիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Մոլդովա, Ուկրաինա եւ այլն:
Սակայն այս կոնվենցիայի հետ կապված բավականին ուշագրավ հանգամանքներ կան: Օրինակ` 2018 թվականին, Եվրամիության երեք անդամ երկրները` Բուլղարիան, Սլովակիան եւ Լատվիան, հրաժարվել էին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից եւ դրա հետ կապված միանման ձեւակերպում ներկայացրել առ այն, որ կոնվենցիայի «երրորդ սեռ» հասկացությունն անհանգստացնում է փաստաթղթում արտացոլված իր կետերով, եւ դրանով սպառնալիքի տակ է դրվում ավանդական ընտանիքը` որպես տղամարդու եւ կնոջ միություն։
Այլ հետաքրքիր հանգամանքներ եւս առկա են, օրինակ` Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի Սահմանադրական դատարանը նախորդ տարի որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը: Եվ նրանք, ըստ էության, գտել են, որ Ստամբուլյան կոնվենցիան տղամարդ եւ կին կենսաբանական սեռերից տարբերվող սոցիալական նոր սեռ է սահմանում: Իսկ, օրինակ, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ եթե միջազգային պայմանագրերում կան նորմեր, որոնք հակասում են Սահմանադրությանը, ապա վավերացման դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Եվ չնայած հասարակութան տարբեր շերտերում առկա դժգոհություններին` նախօրեին` Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մեկ անգամ եւս ընդգծել է իրենց պատրաստակամությունը Ստամբուլի կոնվենցիայի վավերացման շուրջ: «Առաջիկայում մենք շատ կարեւոր անելիքներ ունենք: Մենք սկիզբ ենք դնում մի շարք նոր ծրագրերի, այդ թվում՝ Գենդերային ռազմավարության, Կառավարության հնգամյա ծրագրի, եւ այս համատեքստում հատկապես կարեւոր է Ձեզ հետ համագործակցության հնարավոր ուղիների քննարկումը՝ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ձեր կողմից իրականացված ծրագրերի փորձառությունը: Մեր օրակարգում են Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, ինչը շատ ոգեւորիչ է», – նշել էր նա:
Նկատենք, որ Կոնվենցիան առաջին միջազգային պայմանագիրն է, որը սահմանում է սեռերը: Բացի այդ, կոնվենցիայում առկա է «զուգընկեր» հասկացությունը, իսկ ԵԽ անդամ պետությունների ընդունած օրենքներում զուգընկեր հասկացությունը վերաբերում է նաեւ միասեռական զույգերին: Ի թիվս բազմաթիվ վտանգների` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պարտադրում է ընդունել խտրականության մասին օրենք: Եթե, օրինակ, ԼԳԲՏ-ներին տնօրենը չընդունի դպրոցում աշխատելու, նա կարող է ենթարկվել պատասխանատվության, իսկ խտրականության մասին օրենքի ընդունման դեպքում ԼԳԲՏ-ներն իրավունք կունենան զբաղվելու այլասերության քարոզով՝ մտնելով ընդհուպ մինչեւ դպրոցներ ու մանկապարտեզներ:
Եվ այստեղ ընդգծենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակները կոչ են արել Հայաստանի իշխանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ԼԳԲՏԻ հանրույթի անվտանգությունը եւ խտրականությունից ազատությունն ապահովելու համար։ ԵԽԽՎ կայքում հրապարակվել է գրավոր հռչակագիր՝ ստորագրված տարբեր երկրների 20 պատվիրակների կողմից։
Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարի` Հայաստանի մասին վերջին զեկույցում ասվում է, որ ԼԳԲՏԻ վիճակը Հայաստանում վատագույններից մեկն է Եվրոպայում։ Հիշատակվում է, որ անցած տարվա նոյեմբերին չեղարկվել է քրիստոնյա ԼԳԲՏԻ-ի համաժողովը «մահվան սպառնալիքի, ատելության սադրանքի, այդ թվում` հասարակական գործիչների կողմից, եւ մասնակիցների անվտանգության հետ կապված մտագոհությունների պատճառով»։
Հավելենք, որ լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ Ստամբուլյան կոնվենցիան անցկացնելու պարտականությունը դրված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա եւ հենց դա են մատնանշում որպես նրա նշանակման հիմնական պատճառներից մեկը: Եվ նույնիսկ արդեն խորհրդարանականների շրջանում ժամկետներ են շրջանառվում առ այն, որ աշնանային նստաշրջանում արդեն այն կներկայացնեն խորհրդարանի քննարկմանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆԱՐՁԱԳԱՆՔ
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին դեռեւս պաշտոնական որեւէ արձագանք չկա: Ինչպես հայտնի է, Վահե Գրիգորյանը դեռ մեկ շաբաթ առաջ նամակ էր ուղարկել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին, Սահմանադրական դատարանի անդամներին ու դատավորներին: Եվ այդ նամակում Վահե Գրիգորյանը փորձում էր հիմնավորել, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է, ու առաջարկում էր դրանից դուրս գալու տարբերակ:
Սակայն, ինչպես արդեն նշեցինք, այդ մարմիններից ոչ ոք պաշտոնապես չի արձագանքել նամակին, այլ մասնավոր, լրագրողների հետ զրույցում են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ կարծիքներ հայտնել, փորձել հիմնավորել կամ հակառակը, ապացուցել, որ երկրում Սահմանադրական ճգնաժամ չկա: Գրիգորյանն այդ նամակում ելքեր էր առաջարկել. համատեղ որոշմամբ պահպանվում է ներկա իրավիճակը, կամ ՍԴ 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում: Այսինքն՝ գործող կազմին չի ընդունում Գրիգորյանը որպես դատավորներ:
Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին` առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի: Երեկ այս թեմայով մեծ քննարկում էր կազմակերպված «Իրավական ուղի» ՀԿ-ի կողմից, որին մասնակցում էին նաեւ փորձագետներ արտերկրից: Օրինակ` իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդը շատ կոշտ դիտարկումներ տվեց` ասելով. «ՍԴ անդամները ունեն նույն լիազորությունները, ինչ նոր կանոններով ընտրված ՍԴ դատավորները: Եթե այսօր շարունակվի խոսել ՍԴ անդամների եւ դատավորների մասին, ապա դա հակասահմանադրական բան է»:
ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Հայաստանում ծխախոտի շուկայում կրկին գնաճ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ թանկացել է ներմուծված ծխախոտը: Օրինակ` «Monte Carlo» տեսակի սիգարետը 350 դրամից թանկացել է` դառնալով 390 դրամ, իսկ «Winston» տեսակի սպիտակ բարակ սիգարետի մեկ տուփը եթե նախկինում վաճառվում էր 480 դրամով, ապա հիմա այն 510 դրամ է: «Marlborro» ծխախոտի մեկ տուփի գինը եւս բարձրացել է 50 դրամով. այն 550 դրամից դարձել է 600 դրամ: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ թանկացել էր տեղական արտադրության ծխախոտը: Օրինակ` տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել էր 50 դրամով` 550-ից դառնալով 600 դրամ, իսկ «Գառնի»-ն 250 դրամից դարձել է 280 դրամ: Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով այն հարցին, թե շարունակվելու է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով երկխոսությունը, որը վերջին շրջանում ակտիվացել է, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է. «Կարծում եմ, որ գերակայության սկզբունքով առանձնացված թեմաների հարցում պետք է խոսի կազմակերպությունը։ Իմ կողմից կասեմ, որ բոլոր թեմաները, որոնք կան ԵԱՀԿ օրակարգում, քննարկվելու են ինչպես բազմակողմ, այնպես էլ այլ ձեւաչափերում»,- նշել է Մարիա Զախարովան։
ՀԱՅՏԵՐ ՉԿԱՆ
Ադրբեջանը ՀԱՊԿ-ին անդամակցելու ոչ մի պաշտոնական հայց չի ներկայացրել, եւ նման հայտեր այսօրվա դրությամբ կազմակերպությունում չկան: Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը: Ընդ որում, նա նշել է, որ համապատասխան հայտի բացակայության պայմաններում թեմայի ոչ մի քննարկում կազմակերպությունում չի եղել: Սեմերիկովը չի բացառել, որ դա կարող է լինել տեղեկատվական արտանետում, որը, ըստ երեւույթին, կարող է հետապնդել որոշակի նպատակներ, բայց նորից հավաստիացրել է, որ Բաքուն նման խնդրանքով իրենց չի դիմել` հիշեցնելով, որ իր գլխավորած կազմակերպությունը կանոնադրություն ունի եւ պահանջներ նրա շարքերը համալրել ցանկացողներին, եւ այդ ամենին պետք է համապատասխանել:Նշենք, որ ադրբեջանական մամուլում արծարծվել է տեղեկատվություն այն մասին, որ Բաքուն, իբր, մտադիր է մտնել ՀԱՊԿ` համալրելով այդ կազմակերպության անդամ երկրների շարքը:
ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱԱԾ-ՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանով` Կարեն Ղարիբյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ: