Լուսանկարն արվել է Գյումրիում
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում. բախվել են «ԶԻԼ» մակնիշի ջրցան եւ BMW մակնիշի մեքենաները: Ջրցանը գլխիվայր շրջվել է, որի վարորդը` 1961թ. ծնված Սամվել Նիկոլի Նիկոլյանը, տեղափոխվել է հիվանդանոց:
ՀԱՐՑ. Ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամները ուսումնական հաստատություն ընդունվելիս:
Լարիսա Հունանյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները եւ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխան այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամության խումբը կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակը տրվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներին եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշներին համապատասխան` տվյալ աստիճանի կենսագործունեության սահմանափակման համար սահմանված ժամկետում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Ի դեպ, «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման չափորոշիչները բխում են երեխայի զարգացման եւ կառուցվածքային-գործառնական առանձնահատկություններից:
ՀԱՐՑ. Եթե չկատարված հարկային պարտավորության վճարումը ապահովելու նպատակով հարկային մարմնի կողմից արգելանք է դրվել, հարկ վճարողի բոլո՞ր բանկային հաշիվների վրա է դրվում այն, թե՞ եթե մի հաշվի գումարը ապահովում է պարտավորության չափը, կարող է մյուսների վրա չդրվել:
Վիկտորիա Մանուկյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, եւ արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որեւէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առեւտրային բանկն իրավունք ունի, հարկ վճարողի հանձնարարության հիման վրա, տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող, հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ:
Եթե որեւէ առեւտրային բանկ այլ առեւտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առեւտրային բանկում (բանկերում) բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առեւտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո՝ առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի` տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված հանձնարարությունը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առեւտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առեւտրային բանկերին եւ հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ: