Լարված իրավիճակ. ԲՀԿ-ն դիմել է իրավաբանների օգնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին ԱԺ ԲՀԿ խմբակցությունում շարունակվում են քննարկումները Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի վերաբերյալ: Բանն այն է, որ ԲՀԿ խմբակցությունում դեռեւս չեն կողմնորոշվում, թե ինչպես քվեարկեն Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից զրկելու հարցի քննարկմանը: Մեր տեղեկությունների համաձայն` մի հատվածը հակված է դեմ քվեարկել նախագծին, իսկ մյուս հատվածի կարծիքով էլ պետք է կողմ քվեարկել, այդ տարբերակով ազատվել ՀՀԿ-ական կադրերից:

Ըստշրջանառվող տեղեկությունների` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը իմքայլականներին ոչ մի կերպ «դաբրո» չի տալիս այդ հարցում: Նշվում է, որ պատճառը իշխանությունների վերջին ժամանակահատվածի վարած քաղաքականությունն է ու այն տեղեկությունները, որ առաջիկայում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շրջապատը եւս հայտնվելու է իրավապահների թիրախում: Ու դա է պատճառը, որ ԲՀԿ-ն այս իր քայլով փորձում է սթափեցնել իշխանություններին` նրանց համար կարեւորագույն հարցում որեւէ հստակ դիրքորոշում չներկայացնելով:

Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ` պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունեն ԲՀԿ-ականները Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցում:

-Պարո՛ն Աբովյան, ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի ԱԺ ԲՀԿ խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի վերաբերյալ: Որոշում ունե՞ք, թե ինչպես եք քվեարկելու նախագծին առաջիկա քառօրյա նիստում քննարկելուց հետո:

-Այո, մենք քննարկել ենք խմբակցությունում հարցը, հիմա փաստաթուղթը շատ ուշադիր ուսումնասիրվում է մեր իրավաբանների կողմից:

-Այսինքն` դեռեւս որոշումչունե՞ք, թե ինչպես է Ձեր խմբակցությունը քվեարկելու նախագծին:

-Ոչ, գիտեք ինչ, խնդիրն այն է, որ յուրաքանչյուր փաստաթուղթ եթե ներկայացվում է այս կամ այն ձեւով, պետք է լինի իրավաբանորեն հիմնավորված, ընդամենը խնդիրը դա է, որեւէ այլ բան չկա, այլ շարժառիթ չկա: Հիշեցնեմ, որ 2017 թվականին ԲՀԿ խմբակցության պատգամավորները դեմ էին քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը,երբ առաջադրվում էր:

Այն հիմնավորումները, որոնք մենք այդ ժամանակ բերել էինք, դրանք այժմ պտտվում էին: Կրկնում եմ մեկ անգամ եւս, որ այստեղ շատ կարեւոր է, որ այն փաստաթուղթը, ինչը ներկայացվել է, պետք է լինի իրավաբանորեն հա՛մ հիմնավորված, հա՛մ էլ բոլոր դրույթները պետք է համապատասխանեն օրենսդրությանն ու օրենսգրքին:

-Բայց հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում,ու ներկայացվել են այն հիմնավորումները, որոնցով առաջարկվում է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնել: Դա Ձեզ համար բավարար չէ՞ր:

-Պետական-իրավական հանձնաժողովում մեր լիազոր ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կարծիքները, այժմ մենք պետք է հիմվենք ոչ միայն քննարկումների արդյունքների վրա, այլ նաեւ մասնագիտական եզրակացությունների հիման վրա, որոնք արդեն կտան մեր իրավապահները:

-Իսկ ե՞րբ Ձեր իրավաբանները կտան այդքան սպասված պատասխանները:

-Մենք կաշկանդված չենք ժամանակով, պետք չի ժամանակից առաջ ընկնել. երբ պատրաստ լինեն, մենք հանդես կգանք հայտարարությամբ:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների` սա ԲՀԿ-ականների հաղթաթուղթն է իշխանությունների դեմ, քանի որ արդեն բավական երկար ժամանակ է`տեղեկություններ կան, որ իրավապահ համակարգը իր ուշադրության կենտրոնում է պահում ԲՀԿ-ականների դեմ հարուցված գործերը: Արդյոք Ձեր այս պահվածքը քաղաքական ենթատեքստ ունի՞: Գուցե սրանով ուզում եք Ձեր ուժը ցույց տալ իշխանություններին:

-Ոչ մի դեպքում, վերահաստատում եմ, որ սա զուտ իրավաբանական տիրույթում է, ո՛չ ավել ու ո՛չ պակաս: Ոչ մի ենթատեքստեր, ոչ մի քաղաքական ելեւէջներ չկան, ընդամենը իրավական դաշտում է հարցը, ու հաշվի առնելով այդ ամենը` մենք չափազանց պատասխանատու ենք վերաբերվում բոլոր այն փաստաթղթերին, որոնք կան առհասարակ ՀՀ-ում: Խոսքը վերաբերում է նաեւ այս փաստաթղթին: Ես հիմա կդժվարանամ ինչ-որ մի բան պատասխանել եւ կարող եմ հավաստիացնել, որ ԲՀԿ խմբակցությունը ոչ մի դեպքում ժամանակ չի ձգում ու նպատակ չունի ժամանակ ձգելու:

-Նշվում է նաեւ, որ օրերս խմբակցության մի քանի պատգամավորներով այս հարցի շուրջ հանդիպում ու քննարկում եք ունեցել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Ի՞նչ տեսակետ ունի Գ. Ծառուկյանն այս հարցում, արդյոք Ծառուկյանը հորդորե՞լ է այս հարցում դեռեւս որեւէ դիրքորոշում չհայտնել:

-Ոչ մի այդպիսի բան չկա, գնում է զուտ իրավական եւ իրավաբանական վերլուծություն: Տեսեք, մեր խմբակցությունը միշտ էլ կոնտակտի մեջ է. բոլորս միմյանց հետ կոնտակտի մեջ ենք, ու կրկնում եմ` հարցը իրավաբանական տիրույթում է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս