Ո՞վ է «Էմփիրեյ»-ի նոր դեմքը, և ինչու՞ է խումբն անընդհատ փոխում վոկալիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էմփիրեյ» ռոք խումբը կրկին նոր վոկալիստ ունի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց խմբի ստեղնահար, երգահան Գիսանե Պալյանը: Նրա խոսքով՝ վոկալիստին գտնելը բավական դժվար է եղել, քանի որ Հայաստանում ռոք մշակույթն այնքան էլ զարգացած չէ, եւ ընտրության հնարավորությունը մեծ չէ:

Ընդ որում, նպատակ են ունեցել «պեղելու» հենց տղամարդ վոկալիստի, ինչն ավելի է դժվարացրել պրոցեսը, քանի որ ոչ բոլորն են բավարարել տեխնիկական պահանջները. «Երկար փնտրտուքներից հետո վերջապես գտանք մեր ուզած երգչին: Խոսքը Էմիլ Խոսրովյանի մասին է: Էմիլն ավելի վաղ հանդես էր գալիս մի ռոք խմբի կազմում, որը վերջերս ցրվեց, մեզ էլ հենց վոկլաիստ եւ հարվածային գործիքների վրա նվագող երաժիշտ էր պետք, ուստի խմբի այդ երկու անդամին հրավիրեցինք մեր կազմ: Նրանք էլ սիրով համաձայնեցին: Էմիլը բավական հետաքրքիր կատարող է, հուսով եմ՝ մեր համագործակցությունը հաջող կընթանա»,- նշեց Գիսանեն՝ հավելելով, որ երկրպագուներին դեռ բազմաթիվ անակնկալներ կմատուցեն:

Էմիլի հետ «Էմփիրեյ»-ն արդեն իսկ ձայնագրել է 4 նոր երգ, շուտով կլինեն նաեւ տեսահոլովակներ: Իսկ նոր կազմով խմբի առաջին ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Ազատության հրապարակում ռոք փառատոնի շրջանակում. «Կես ժամ ելույթ ենք ունենալու, այնպես որ, բոլորին հրավիրում ենք»-ասաց Գիսանեն:

Հարցին, թե ինչու են այսքան արագ փոխվում «Էմփիրեյ»-ի վոկալիստները, Գիսանեն պատասխանեց, որ պարզապես չէին գտնում այն մեկին, որը բոլոր չափանիշներով կհամապատասխաներ իրենց պահանջներին, խմբի անդամները լիարժեք բավարարված չեն զգացել:
Հիշեցնենք, որ 2013-ից հետո, երբ «Էմփիրեյ» խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը մեկնեց ԱՄՆ, մյուս անդամները մի քանի էքսպերիմենտներ արեցին: Սարգիսին նախ փոխարինեց Եվա Սուջյանը, ապա` Սուրեն Պողոսովը, իսկ հետո՝ Գարիկ Խաչատրյանը: Հիմա արդեն ռոք խումբը նոր վոկալիստ ունի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս