ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութամբ. երկու անձ ձերբակալվել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության շենգավիթի բաժնում հաղորդում, այնուհետ բացատրություն է տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը՝ ով ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին մասնակից անձնաց ինքնությունը, ովքեր երևանի քաղաքի բնակիչներ են ծնված՝ 1991 և 1993 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: