Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործի նախաքննության շրջանակներում, փաստական տվյալներ է ձեռք բերել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Նորայր Փանոսյանը,63.400.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքը 22.08.2013թ.-ին 47.520.000 ՀՀ դրամ գումարով, իսկ 33.550.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 տարածքը՝ 20.01.2014թ.-ին 3.800.000 ՀՀ դրամ գումարով, Երևանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերել նշված անշարժ գույքերը, որոնք հետագայում լիազորագրերի օգտագործմամբ կամ առանց դրանց, նույն քաղաքացիների անուններից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել են նոտարներին:
Հանցավոր գործողությունների հետևանքով, պետության, Երևան համայնքի, ինչպես նաև նոտարների իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Երևան համայնքին պատկանող նշված անշարժ գույքերը վաճառվել են 45.630.000 ՀՀ դրամ պակաս արժեքով, ինչի արդյունքում համայնքը զկրվել է նույն չափով եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ նոտարները իրավունք ունենալով անհատույց հիմունքներով գործունեություն իրականացնել իրենց կողմից զբաղեցրած տարածքներում, զրկվել են այդպիսի հնարավորությունից՝ կրելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 127.000.000 ՀՀ դրամ գումարի վնասներ։
Նշենք, որ Նորայր Փանոսյանը, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ձերբակալվել է:
ArmLur.am-ի տեղեկություններով, ձերբակալված Նորայր Փանոսյանը Քննչական կոմիտեում իրեն վատ է զգացել, անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Այս պահին ArmLur.am-ի տեղեկություններով, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում նրան վիրահատում են: