Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի կարմիրգրքյան, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։
Ինչպես հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվել է իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ինչպես նաև էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության (PEES) կենտրոնի համատեղ ու երկարատև համագործակցության արդյունքում։
Ամիսներ առաջ բնության մեջ տարատեսակ վնասվածքներ ստացած թռչուններին Տեսչական մարմնի աշխատակիցները տեղափոխել էին վերոհիշյալ վերականգնողական կենտրոն, որտեղ թռչունների խնամքը ստանձնել էին կենդանաբաններն ու անասնաբույժները։ Թռչուններին պարբերաբար այցելել և նրանց ապաքինման ընթացքին հետևել են Տեսչական մարմնի աշխատակիցներն ու կենդանաբանները։
Լիովին կազդուրված և օղակավորված թռչուններին, ըստ կենդանաբանների եզրակացության, որոշվել է բաց թողնել բնություն Արարատյան դաշտում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում և Ախուրյանի շրջանում։