Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում և «Ինստագրամ»-ում հրապարակել է Երևանում գիշերային շրջայցի մասին տեսանյութ և իր ձեռքով արված լուսանկարներ:
Տեսանյութը պատկերում է գիշերային Երևանը, լուսանկարները պատմում են, որ նա եղել է սուպերմարկետում, Հանրապետության հրապարակում, տեսել, թե ինչպես են լավաշ թխում: Նրան տպավորել են հայկական չրերը, համեմունքները:
«Ժամանել եմ Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք: Մասնակցելու եմ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին»,-նշել է Սինգապուրի վարչապետը:
«Ջալանջալան գիշերային Երևանի գեղեցիկ փողոցներում… Փորձեցի նոր թխած հայկական ավանդական հացը՝ լավաշը»,-«Ինստագրամ»-ում գրել է Սինգապուրի վարչապետը՝ օգտագործելով մալայերեն «ջալանջալան» բառը, որը թարգմանաբար նշանակում է զբոսանք:
Սեպտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Սինգապուրի վարչապետը հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը: