«ՆԱԻՐԻ» համայկական հիմնադրամը Հայաստանի ազգային պարարվեստի միության հետ համատեղ հիմնադրել է «ՆԱԻՐՅԱՆ» պարարվեստի համահայկական մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխություն-շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 9 պարային կոլեկտիվ առաջին անգամ հանդես կգա 1 բեմում: Բուն մրցանակաբաշխության մեկնարկը կտրվի հոկտեմբերի 1-ից և միջոցառումը կանցկացվի ամեն տարի ապրիլի 29-ին՝ Պարի միջազգային օրը:
Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ Կարեն Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց՝ քանի որ այսօր մեծ տարածում են գտել պարային անորակ խմբերն ու անարժեք մրցանակաները, այս մրցանակաբաշխությունը կմաքրի դաշտը դիլետանտներից, պարային այն կոլկտիվներից, որոնք իրենք իրենց հռչակում են լավագույնը, սակայն որակ չեն ապահովում. «Բազմաթիվ ուժեղ կոլեկտիվներ ունենք, որոնք տարվա ընթացքում հրաշալի գործ են անում, բայց ո՞վ գիտի նրանց մասին: Ուրեմն՝ հարկավոր է հասարակական կարծիք ձևավորել նաև մրցանակաբաշխության շնորհիվ»:
«ՆԱԻՐԻ» համայկական հիմնադրամի նախագահ, մշակութային գործիչ Սամվել Հարոյանն էլ նշեց, որ հարկավոր է միջոցառմանն ընդգրկել որքան հնարավոր է շատ պարախմբեր Հայաստանից եւ սփյուռքից. «Մրցանակաբաշխությունը կխթանի այն բանին, որ պարախմբերի առջև որակական չափանիշներ կդրվեն: Գլխավոր մրցանակի համար պետք է լավ աշխատել: Սա մեկանգամյա միջոցառում չէ. ամենօրյա աշխատանք է պահանջում»:
Հավելենք, որ մրցանակաբաշխության մասնակիցներն են՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբը, Հայաստանի պարի պետական անսամբլ վաստակավոր կոլեկտիվը,Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն»պետական անսամբլը, Բորիս Գևորգյանի անվան Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը, ՀՀ զինված ուժերի երգի պարի «Սարդարապատ» պարի պետական անսամբլը, Արցախի պարի պետական անսամբլը, Խ.Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնը:
Աննա Բաբաջանյան