«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ անդրադարձավ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք թեմաների:
«Վերջերս լրացավ մեկ տարին, ինչ փոխվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, և ես՝ որպես ներդրող ու ակումբի սեփականատեր, մեծ փոփոխություններ էի սպասում այս մեկ տարում: Փոփոխություններ տեղի ունեցել են, և չեմ կարող ասել, որ դրանք չկան, սակայն ես նկատել եմ միայն 2 կարևոր փոփոխություն: Առաջինը ԲԿՄԱ ակումբ հիմնադրելն է, իսկ երկրորդն իսպանացի բարձրակարգ մասնագետներ հրավիրելն է: Ցավոք, մյուս հարցերում չեմ նկատել լուրջ փոփոխություններ: Ակումբները սկսել են ներդնել մեծ գումարներ և հրավիրում են թանկարժեք լեգեոնականների, ինչը կարող է խանգարել տեղացի խաղացողների աճին: Երբ մարդիկ ներդնում են մեծ գումարներ, առաջին հերթին պետք է լուծել արմատային խնդիրները:
Կցանկանայի անդրադառնալ 3 կարևոր կետերի: Առաջինը լեգեոնականների սահմանափակումն է, որն, ըստ ինձ, թերի է: Մեզ մոտ դա հակառակ արդյունք ունեցավ: Այսօր լեգեոնականների լիմիտի պատճառով թիմերը սկսել են իրարից գողանալ երիտասարդ խաղացողների: Մենք անզոր ենք այդ հարցով և չենք կարող քայլեր ձեռնարկել, քանի որ Հայաստանում չկա պատանի խաղացողների տեղափոխության համար սահմանված փոխատուցման համակարգ: Մեր խաղացողներին ամենաշատը տանում է «Արարատ-Արմենիան»: Կարծում եմ՝ լեգեոնականների սահմանափակման հարցում մի փոքր շտապել ենք: Ինքս քվեարկել եմ այդ փոփոխության օգտին, սակայն հիմա հասկանում եմ, որ դա սխալ էր:
Երկրորդը Պրոֆեսիոնալ լիգա ստեղծելու կարևորությունն է: Այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ որոշ մարդիկ մեծ գումարներ են ներդնում, իսկ այլ մարդիկ ընդունում են կարևոր որոշումներ: Մի քանի ակումբներ հաղորդակցվում են ֆեդերացիայի հետ, սակայն պրոֆեսիոնալ շփում չկա: Մեկ անգամ Արթուր Վանեցյանն այդպիսի հանդիպում կազմակերպել էր, սակայն դրանով ամեն բան ավարտվեց: Եթե այդպես շարունակվի և հասկանաս, որ դու գումարներ ես ներդնում, ու դա կառավարում են այլ մարդիկ, որոնց հետ դու կապի մեջ չես, ապա դա անիմաստ է դառնում: Այդ պատճառով կարծում եմ, որ ակումբներն իրենք պետք է զբաղվեն իրենց հարցերով: Կան ակումբներ, որոնք առաջարկել են դա, և մենք հայտնել ենք միանալու պատրաստակամություն:
Այդ հարցով պետք է լուրջ աշխատանքներ կատարվեն:
Երրորդ ցավոտ հարցը մրցավարությունն է: Ինչպես գիտեք, վերջերս Արտակ Սիմոնյանը վերսկսել էր աշխատանքը Հայաստանի առաջնությունում, և մենք հայտնել էինք մեր մտահոգությունն այդ հարցով: Հիշողություններում դեռ թարմ է նախորդ մրցաշրջանում տեղի ունեցածը, երբ կողմնակալ մրցավարությունը ջուրը գցեց մեր ակումբի մեկ տարվա աշխատանքը: Կարծում եմ՝ դա արտահայտվում է ամբողջ առաջնության վրա:
Օրինակ՝ դրանից հետո մեր թիմի մի քանի խաղացողներ հրաժարվել էին երկարաձգել պայմանագրերը՝ նշելով, որ Հայաստանի առաջնությունում իրենց թույլ չեն տա դառնալ չեմպիոն, և իմաստ չունի մնալ այստեղ, քանի որ չեմպիոնը չի որոշվում խաղադաշտում: Լսել եմ շատ կարծիքներ, որ դա ոչ թե մրցավարական սխալ էր, այլ՝ կոռուպցիա: Դա միակ դեպքն էր, երբ մենք խնդրեցինք փոխել մրցավարին, սակայն մեզ մերժեցին:
Ֆեդերացիան հայտարարեց, որ անցկացվելու է հետաքննություն, սակայն մեզ ոչ մի անգամ չհրավիրեցին և չհայտնեցին արդյունքների մասին: Ինձ ասել էին, որ նա մեկ տարի չի սպասարկելու խաղեր, սակայն նա արդեն վերադարձել է աշխատանքի: Ֆեդերացիան իր այդ քայլով ընդգծեց, որ իրենց ամեն բան գոհացնում է, և ոչինչ փոխել պետք չէ: Կարծում եմ՝ մրցավարությունն այն կարևոր օղակն է, որը արդար մրցումը կարող է վերածել ոչ ֆուտբոլային էմոցիաների: Դա շատ է անհանգստացնում մեզ: Եթե եղել է հետաքննություն, ապա ցանկանում ենք ծանոթանալ դրան, որպեսզի ունենանք բողոքարկելու հնարավորություն:
Բոլորը հիշում են, որ նախորդ մրցաշրջանում Ջևան Չելոյանցն իր թիմին թույլ չտվեց խաղադաշտ դուրս գալ գավաթային խաղում: Դա այն ժամանակ անակնկալ էր մեզ համար, բայց, հիմա վերլուծելով իրավիճակը, հասկանում եմ, որ նա ճիշտ քայլ է կատարել: Նա, գիտակցելով, որ այլ ճանապարհով հնարավոր չէ ցուցադրել առկա խնդիրները, զոհաբերեց իր ու իր թիմի շահերը: Անկեղծ կասեմ, շատ եմ զղջում, որ այն ժամանակ մենք չաջակցեցինք պարոն Չելոյանցին, ես լիովին աջակցում եմ նրան: Կածում եմ՝ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել՝ միայն միասնական լինելով: Եթե մի քանի ակումբներ բոյկոտ հայտարարեն և նշեն, որ չեն խաղա, եթե մրցավարությունը վերածվում է ինտրիգների, ապա դա կստիպի լսել մեզ ու ընդառաջել:
Ինչ վերաբերում է մրցավար Արտակ Սիմոնյանի վերադարձին, ապա այսօր մեր դիրքորոշումը ևս այդպիսին է: Մենք չենք տեսել հետաքննությունը և չենք ունեցել մեր կարծիքն արտահայտելու հնարավորություն, և եթե Արտակ Սիմոնյանը նշանակվի մեր խաղի մրցավար, ապա մենք նույնպես խաղադաշտ դուրս չենք գա: Ես մարզիչին կխնդրեմ թիմին հանել դաշտից: Ամեն դեպքում, ցանկանում ենք խաղալ մրցակցի հետ, այլ ոչ թե մրցավարի։
Իմ կարծիքով, ֆուտբոլում որևէ բան փոխելու համար պետք է լուրջ աշխատանքներ տանել: Եթե իմ նշած հարցերով ոչինչ չփոխվի և կրկնվի նախորդ մրցաշրջանի պատկերը, ապա մենք կմտածենք առաջնությունից դուրս գալու մասին:
Երբ ես նոր էի եկել, ինձ ավելի շատ հետաքրքրում էր մանկապատանեկան ֆուտբոլը: Եթե փոփոխություններ տեղի չունենան, և մենք շարունակենք էներգիա ծախսել ոչ թե խաղադաշտում, այլ դրա սահմաններից դուրս, ապա մենք այդ գումարները կներդնենք մանկապատանեկան ֆուտբոլի և այլ բաներ Մենք կոչ ենք անում լսել մեզ, և ավելի լուրջ վերաբերվել: Յուրաքանչյուր ակումբում կան ֆուտբոլին սիրահարված պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք շատ բան կարող են անել, սակայն ղեկավարության կողմից սխալ որոշումները կարող են կործանել ամեն բան»,- ասաց Արթուր Սողոմոնյանը:
Էդմոն Մարտիրոսյան