Արարատի մարզում հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որը 5 մարդու կյանք խլեց, կրկին վեր հանեց տարիներով կուտակված հարցերը, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Խոսքը մարդատար տրանսպորտային միջոցների բոլոր վարորդների համար անհրաժեշտ մասնագիտական եւ առողջական չափանիշների մասին է, մարդատար երթուղիների լիցենզիաների համար տրվող հստակ չափանիշների, որոնք այդ երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդների համար պետք է դառնան միանշանակ կատարման ենթակա։ Անհրաժեշտ է նաեւ վերականգնել հանրապետության ողջ ավտոպարկի տեխզննության ինստիտուտը։
Հիշո՞ւմ եք, 2011 թվականին Տիգրան Սարգսյանի կառավարությունը ավտոմեքենաների տեխզննման նոր կարգ էր մշակել, նրա խոսքով ասած` «ֆիկտիվ» իրավիճակին վերջ տալու համար, որով վարորդները «մեկ պատուհանի» սկզբունքով բանկում միագամից վճարում են գույքահարկը, բնօգտագործման եւ տեխնիկական զննության վճարները, հատուկ համարակալված կտրոններ ստանում, փակցնում մեքենային: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ հաճախ վարորդները, պարզապես համապատասխան գումարը վճարելով, առանց մեքենան տեխզննման տանելու, ստանում են համապատասխան կտրոնը։ Եվ փոխանակ կարգը, վերահսկողությունը խստացներ, որ անսարք մեքենաները փողոց դուրս չգան, ընտրեց ամենահեշտ տարբերակը՝ պարզապես վերացրեց տեխզննության ինստիտուտը։ Եւ այսօր ամեն անսարք մեքենա դուրս է գալիս փողոց` վտանգելով թե՛ վարորդի, թե՛ մյուս վարորդների ու հետիոտների կյանքը՝ սկսած նրանից, թե ինչ անհասկանալի արտանետումներ կարող են լինել անսարք մեքենաներից, վերջացրած այրված «գազելի» օրինակով:
Հուսանք` վերջին օրերի վթարները, մեզանից խլված կյանքերը լուրջ ազդակ կհանդիսանան պատկան մարմինների համար, որպեսզի «օրինական ֆիկտիվությունը» վերածեն իրական տեխզննության պահանջների: Ի վերջո, մարդկանց կյանքերը մեզ համար գերագույն արժեք են:
Երեկ Արցախի Ազգային անվտանգությունը զգոնության կոչ արեց 2020թ. Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին եւ անհատներին։ Հետաքրքիր է, որ Արցախի ներսում այդ հայտարարությունը հստակ ուղերձ են համարում Արցախի հերոս Սամվել Բաբայանին, որն իր կողմնակիցների հետ ստորագրահավաք է սկսել, որը հնարավորություն կտա իրեն առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Արցախի ներսում նաեւ այն մտահոգությունը կա, որ այդ փոփոխությունից կարող են օգտվել նաեւ այլ անձինք, որոնք ունեն Հայաստանում մշտական բնակություն ունենալու 10 տարվա ցենզը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի պատգամավորները հիմնականում բացասական են վերաբերվում այդ դրույթի ամրագրմանը, եւ հենց վերը նշված պատճառներից ելնելով` հավանաբար խորհրդարանը կմերժի ստորագրահավաքի նախաձեռնությունը։ Եւ Ս. Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքներ են լինելու Արցախում, եթե ստորագրահավաքը մերժվի, ու ոչ մի դեպքում ինքը թույլ չի տա` Արայիկ Հարությունյանը նախագահ դառնա:
2018թ. աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլի հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար: Այսպիսով, Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի 1.1 եւ 2 կետերի հատկանիշներով` խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ Ն. Վանեսյանը փողով բժիշկ է տեղավորել գործի ու բռնվել: Հետաքրքիր է՝ քննության ավատը ինչ կլինի, քանի որ նա այս պահին ստորագրությամբ ազատության մեջ է:
Արդեն մի քանի ամիս է` մասնագետներն ահազանգում են` Սեւանա լիճը կանաչում է: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ֆիտոպլանկտոնի մասնագետ Լուսինե Համբարյանը երեկ փոխանցեց, որ ժամանակն է ջրի մանրակրկիտ մոլեկուլյար հետազոտություն իրականացնել եւ հասկանալ, թե ինչպիսի իրավիճակ է, մանավանդ որ ձուկը եւ խեցգետինն օգտագործվում է սննդի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեց` ինչ են արել: «Մենք սպասում ենք Առողջապահության նախարարությանը, քանի որ իրենց մասնագետները ջրի նմուշառում են վերցրել. երբ իրենց մոտ կլինեն տվյալներ դրա մասին, մենք արդեն լճում առկա կենդանիներից նմուշառում կանենք»,- արդարացավ տեսչական մարմնի ղեկավարը: Մինչ Գեորգի Ավետիսյանը սպասում է, այս ընթացքում Երեւանում եւ ոչ միայն ազատորեն վաճառվում է ծաղկած Սեւանա լճից որսված սիգ ձկնատեսակը, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեռ ոչինչ չի խոսում կանաչած Սեւանի վտանգավորության կամ անվտանգ լինելու մասին: Այս ընթացքում, սակայն, մեր բազում հայրենակիցներ լողում կամ գոնե ոտքերն են թրջում Սեւանա լճում:
ԱՀԱԶԱՆԳ
Երեկ պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ տեւական ժամանակ է` մամուլում եւ սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ. «Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ եւ կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին` նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը: Այս արշավը դադարեցնելու համար 6 դեպքով դիմել եմ դատարան, եւ բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ»: Պատգամավորն այս հայտարարությունն այնպիսի ոգեւորությամբ էր տարածում, ասես հերոսություն է արել` լրատվամիջոցների դեմ արշավ սկսելով: Նա չի հասկանում, որ իշխանության ներկայացուցիչ, օրենսդիր մարմնի անդամ դառնալուց հետո պետք է պատրաստ լիներ ամենադաժան քննադատության թիրախում հայտնվելու: Իշխանության ներկայացուցիչ դառնալը միայն հաճույք կամ արտոնություն չէ, այլ նաեւ կոնկրետ պատասխանատվություն՝ անխուսափելի քննադատության չափաբաժնով: Բայց, փաստորեն, Հայկ Սարգսյանը չի համակերպվում այդ մտքի հետ եւ ավելի հեռուն գնացող նպատակներ է իր առջեւ դրել: Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը երեկ հայտարարել է. «Ոչ միայն դիմել ենք, որ զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցեն, դիմել ենք նաեւ, որպեսզի քրեական գործ հարուցվի, եւ այդ քրեական գործի շրջանակներում որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվի: Դիմել ենք ՀՔԾ, հիմա նյութեր են նախապատրաստվում: Սա պետության անվտանգության հարց է, իրականում ազգային անվտանգության խնդիր կա այստեղ»: Ստացվում է, որ Հայկ Սարգսյանի եւ ինչ-որ աղջիկների զվարճանքի մասին պատմող ռեպորտաժները ազգային անվտանգության հարց են, կամ այն, որ Հայկ Սարգսյանը իր ակումբային ընկերուհիներին տարել է նախագահի նստավայր, դա նորմալ է, բայց որ լրատվամիջոցները գրել են այդ մասին, ազգային անվտանգության հիմքեր են խարխլում:
Բայց այս իրավիճակում ամենամտահոգիչն այն հանդգնությունն է, որ Հայկ Սարգսյանի ու իր փաստաբանի մտքով անցել է իրենց համար անցանկալի լրատվամիջոցները ուղղակի փակել տալ: Սա արդեն լուրջ հարված է ոչ միայն խոսքի ազատությանը, այլեւ ժողովրդավարությանը մեր երկրում ընդհանրապես: Սա պետք է մտահոգի հատկապես այն «գրանտակեր» կառույցներին, որոնք օրումեջ հայտարարություններ են տարածում այս կամ այն լրագրողի վրա բղաված որեւէ գործչի վերաբերյալ, սակայն լռում են այս դեպքում: Մինչդեռ պետք է ընդվզել այս երեւույթի դեմ, հակառակ դեպքում այս նախադեպը կարող է անդառնալի լինել, եւ յուրաքանչյուր ոք դիմի ՀՔԾ, ազգային անվտանգության «քողի տակ» լրատվամիջոց փակել տա: