ԱՐՑԱԽՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախի Ազգային անվտանգության ծառայության կողմից արված հայտարարությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց: Մասնավորապես, նրանց կողմից տարածած հաղորդագրությունը կոչ էր՝ ուղղված 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին եւ անհատներին:

Նկատենք, որ հետաքրքիր ձեւակերպումներ կային հաղորդագրության մեջ. «Արցախի Հանրապետության տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երեւույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջեւ ատելության, թշնամանքի եւ անհանդուրժողականության մթնոլորտ են ձեւավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը: Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի, եւ դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները», – ասված է նրանց կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Նկատենք, որ Արցախի ներքին կայունությունը խարխլվեց այն օրից, երբ Արցախի հերոս Սամվել Բաբայանը հայտ ներկայացրեց՝ մասնակցելու Արցախի նախագահի ընտրություններին ու հանդիպեց խոչընդոտների: Բաբայանի գոյությունն ու յուրաքանչյուր քայլ Արցախի իշխանությունների համար անասելի մտահոգիչ է: Եւ Արցախի ներսում ԱԱԾ հայտարարությունը հստակ ուղերձ են համարում Սամվել Բաբայանին, որն իր կողմնակիցների հետ ստորագրահավաք է սկսել, որը հնարավորություն կտա իրեն առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Բանն այն է, որ համապատասխան թվով ստորագրություններն արդեն առկա են, եւ նրա կողմնակիցները դիմելու են խորհրդարան՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկով: Հիշեցնենք, որ հավաքվող ստորագրությունները միտված են քաղաքացիության նորմի փոփոխմանը. Արցախի սահմանադրությունն ամրագրում է` եթե անձը 10 տարի մշտապես չի բնակվել Արցախում, չի կարող դառնալ նախագահի թեկնածու: Սամվել Բաբայանի կողմնակիցներն առաջարկել են` եթե անձն ապրել է Հայաստանում 10 տարի, դա պետք է համարել նաեւ Արցախի քաղաքացիություն ունենալու իրավական նորմ: Դե, իհարկե, առաջին հերթին այս նորմի փոփոխությունն արվում է հենց Սամվել Բաբայանի համար, որպեսզի նա կարողանա առաջադրվել ընտրություններում, սակայն Արցախի ներսում նաեւ այն մտահոգությունն է առկա, որ այդ փոփոխությունից կարող են օգտվել նաեւ այլ անձինք, որոնք ունեն Հայաստանում մշտական բնակություն ունենալու 10 տարվա ցենզը: Եվ հենց դա է անհանգստացնում արցախցիներին, որ այդ փոփոխությունը դաշտ է բացում Հայաստանի նաեւ այլ քաղաքացիների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի խորհրդականներից շատերի հետ զրույցում պարզեց, որ Արցախի խորհրդարանը հավանություն չի տա նախագծին: Պատգամավորները հիմնականում բացասական են վերաբերվում այդ դրույթի ամրագրմանը, եւ հենց վերը նշված պատճառներից ելնելով` մեծամասնությունն այն տեսակետն է հայտնում, թե խորհրդարանը պետք է մերժի ստորագրահավաքի նախաձեռնությունը: Եվ Սամվել Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքներ են լինելու Արցախում եւ հատկապես այն դեպքում, եթե ստորագրահավաքը մերժվի, որին կհետեւեն շրջափակումներ, զանգվածային ակցիաներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախում այն մտավախությունն է, որ այդ դեպքում հանրահավաքները կարող են աստիճանաբար վերածվել զանգվածային անկարգությունների, եւ հենց դրա հետ են կապում թե՛ Արցախի ԱԱԾ-ի կողմից արված հայտարարությունը, թե՛ վերջին շրջանում կադրային վերադասավորումները: Եվ պատահական չէ, որ փոփոխությունները եղել են հենց ուժային համակարգում. Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանապետ, Արշավիր Ղարամյանը` Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից, որը եւս ծրագրում է մասնակցել հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Վերջինս ԱԱԾ-ի կողմից տարածած հաղորդագրությունը վերագրեց ոչ թե կոնկրետ անհատներին ուղղված, այլ ընդհանուր` զգաստացնելու նպատակ հետապնդող: «Սա պարզապես կոչ է բոլոր քաղաքական ուժերին եւ անհատ մարդկանց, որպեսզի ամեն ինչ լինի օրենքի սահմաններում, եւ ինչ-որ այլ բաների փորձեր չլինեն: Սա չի նշանակում, թե ինչ-որ մեկն արդեն մեղադրվում է», – մեկնաբանեց Բաբայանը: Մեր այն դիտարկմանը, թե ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրությունը շատերը մեկնաբանում էին որպես կոչ` ուղղված Արցախի հերոս Սամվել Բաբայանին` հաշվի առմելով նրա հայտարարությունները եւ աջակիցների սկսած ստորագրահավաքը, Դավիթ Բաբայանը նշեց, թե ԱԱԾ-ի կողմից նման հայտարարությունները չպետք է տարօրինակ համարել, եւ դա կոչ է բոլորին, եւ պետք չէ ինչ-որ անհատավորված մարդկանց գտնել եւ շահարկումներ անել:
Ամեն դեպքում, առաջիկայում Արցախում ընտրություններին ընդառաջ լարվածության աճն անխուսափելի է, եւ դա են փաստում տեղի ունեցող իրադարձությունները:
Հ. Գ. Օրերս եթերում Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Արայիկ Հարությունյանը չի կարող դառնալ Արցախի նախագահ. ինքը դա թույլ չի տա: Հիշեցնենք, որ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն է Արցախում, եւ Բաբայանի այս խոսքերը շատ հեռուն գնացող եզրահանգումների առիթ են դառնում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԳԱՂՏՆԻ ԵՆ ՊԱՀՈՒՄ
Հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Վերջինս քրեական աշխարհում առավել հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ Նոր Նորքի իր տան բակի տաղավարում Անդրանիկ Հարությունյանը նստած է եւս 3 անձի հետ, թղթախաղ են խաղում: Նրանց է մոտենում սեւ հագուստով մի անձ, կրակում տաղավարում գտնվող 4 տղամարդկանց ուղղությամբ, ինչի հետեւանքով Անդրանիկ Հարությունյանը սպանվում է: Դեպքից անցել է 7 օր, եւ դեռեւս հայտնի չէ, թե ով կամ ինչու սպանեց Անդրանիկ Հարությունյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահները գործը բացահայտելու համար ամեն ինչ անում են եւ հնչեղություն ունեցող անձանց պատեհ-անպատեհ կանչում են հարցաքննության` հասկանալու համար, թե ինչ գիտեն նրանք Անդրանիկ Հարությունյանի մասին: Այս իրավիճակին զուգահեռ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, մի շարք մարդիկ իրավապահներին տեղեկություններ են հայտնել, սակայն նախաքննական մարմինը քննությունը գաղտնի է պահում, որ հանկարծ Անդրանիկ Հարությունյանի մտերիմները հաշվեհարդար չտեսնեն, եւ հերթական արյունահեղությունը տեղի չունենա:

 

 

 

 

ԴԻՄՈՒՄՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
Հուլիսի 11-ին նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: Ինչպես հայտնի է, 76 դատավորի ծանուցում ուղարկվեց ԲԴԽ անդամ դառնալու, որից, սակայն, 11-ն են ցանկություն հայտնել դառնալ այդ միության անդամ: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հայտնեց, որ ԲԴԽ անդամ դառնալու ցանկություն են հայտնել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին` Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը:
Սակայն մեզ հասած լուրերի համաձայն` միգուցե դատավորներից մեկն էլ դուրս գա այս ցուցակից: Մասնավորապես, Վահե Խալաթյանը հայտնել է, որ ինքը դիմում է ուղարկել, որ չի ցանկանում դառնալ, սակայն դիմումը չի գտնվել, որ նրան հանեն ցանկից: Այսպիսով, եթե մինչ ընտրության օրը դիմումը գտնվի, ապա նրան եւս ցուցակից դուրս կհանեն, եւ կմնա 10 դատավոր:

 

 

 

 

150-200 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ
Հայաստանից արտահանվում է մեծ ծավալի մետաղի ջարդոն, քանի որ միայն 2012-ին արտահանվել է 150-200 հազար տոննա: Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա տեղեկացրել է նաեւ, որ 2012-ին, որպես Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանման պետական տուրք, սահմանվել էր 80 դրամ մեկ կիլոգրամի համար: «Դրա արդյունքում արտահանման ծավալները 2013թ. գրեթե զրոյացվեցին: Սակայն դրա փոխարեն տեղերում հիմնադրվեց մի քանի արտադրություն, որոնք արտադրում էին այդ ամենից մետաղական ամրաններ եւ այլն»,-ասել է պատգամավորը: Նշենք, որ բավական երկար բանակռիվներից հետո օրինագիծը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կմասնակցի Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում եւ անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը: Հանդիպմանը Մնացականյանը հանդես կգա ելույթով:

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Մահացել է Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը:

 

 

 

 

ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏԵԼ Է
Չեխիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Չեխիան լիովին ավարտել է Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման գործընթացը եւ այդ մասին տեղեկացրել Եվրոպական խորհրդին»,-նշել է նա:




Լրահոս