2018 թվականին աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերը` ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն էլի հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականին մամուլը մի քանի անգամ անդրադարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ընկեր Նարեկ Վանեսյանի դրսեւորած վարքին եւ գործողություններին: Մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբերին Երեւանի պետական բժշկական համալսարանում դիպլոմների հանձնման արարողության ժամանակ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի նորանշանակ տնօրեն Նարեկ Վանեսյանը իրեն գռեհիկ էր պահել ու առաջացրել էր ներկաների զայրույթը: Անգամ համալսարանի դասախոսական կազմը կատարվածի մասով նամակ ներկայացրեց ՀՀ վարչապետին, թե ինչ վարք է դրսեւորել Նարեկ Վանեսյանը: Ու մինչ համալսարանի դասախոսական կազմը քննարկում էր նրա վարքը, վրա հասավ երկրորդ միջադեպը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ հոգեբուժարանում տիրող իրավիճակի եւ տնօրենի վարքի վերաբերյալ: Մասնավորապես, ՄԻ պաշտպանը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի…: «Այդ կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն այսօր զանգահարել է Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին եւ վրդովված փորձել է ներկայացնել իր պահանջներն ու դժգոհությունը: Մասնավորապես, նշված պաշտոնատար անձը պնդել է, թե Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է բացահայտված դեպքի մասին հայտարարությունը համաձայնեցնեին իր հետ: Սպառնացել է, որ քայլեր կձեռնարկի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պատասխանատվության ենթարկելու համար»:
Այս դեպքերը միախառնվեցին իրար, ու գործը հասավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն էլ իրավիճակից դուրս գալու համար գտավ ամենահարմար ելքը` հայտարարելով, որ Նարեկ Վանեսյանը չի շարունակելու պաշտոնավարել «Հոգեբուժության առողջության պահպանման ազգային կենտրոնի» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում. «Որոշումը կապված է Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության հետ եւ ոչ մի կերպ կապված չի այն միջադեպի հետ, որը տեղի է ունեցել Բժշկական համալսարանում: ՄԻՊ-ը նշել էր, որ տեղի է ունեցել ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատանքի խոչընդոտում տնօրենի կողմից: Խոչընդոտում, իմ կարծիքով, եղել է, եւ նման դեպքերը պետք է բացառվեն»:
Տպավորությունն այնպիսին էր, որ Նարեկ Վանեսյանի մասով կրքերը պետք է հանդարտվեին, սակայն գործը էլի հասավ «դիվանբաշուն»: Եթե մյուս գործերը հեշտությամբ «մարսվեցին», հափշտակության գործը փակել չհաջողվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նարեկ Վանեսյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Նախաքննական մարմինը Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի կետ 1.1-ի եւ 2-ի հատկանիշներով (Խարդախություն), որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Այսպիսով, եթե գործը նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը ընտրի առավելագույն պատիժը, ապա Վանեսյանին սպառնում է երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում: Ի դեպ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԹԱՐՆ ՈՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ ձերբակալվեց Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա ողբերգական ավթովթարի` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բախվել էին «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում: Այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել էին, մյուսները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները` ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:
Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում):
Նախաքննության ընթացքում առգրավվել են վնասվածքներ ստացած անձանց հագին դեպքի պահին եղած հագուստները, ստուգվել է վարորդների սթափությունը, եւ, համաձայն զննության արդյունքների, «ՎԱԶ 21063»-ի եւ «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդներն ավտոմեքենաները վարել են սթափ վիճակում:
Ողբերգական այս դեպքից հետո մի շարք հարցեր մնում են անպատասխան. ի վերջո, ինչի՞ց է առաջացել հրդեհը, արդյոք մարդատար մեքենան անսա՞րք վիճակում է եղել, որն էլ հրդեհի պատճառ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների համար գործի քննությունը բավականին բարդացել է, քանի որ մեքենան ամբողջությամբ մոխրացած է:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց հարցի պատասխանը ստանալ, որտեղից հայտնեցին, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական, ինչպես նաեւ դատահրդեհատեխնիկական եւ դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն:
Այսինքն՝ փորձաքննության եզրակացությունից հետո շատ հարցեր կստանան իրենց պատասխանները, սակայն մինչ այդ իրավապահներն արդեն ձերբակալեցին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին:
ԳՈՒՄԱՐՆ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
ՀՀ առողջապահության փոխնախարարի հարազատները փնտրում են 15 մլն ՀՀ դրամ: Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրսե» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի եւ Երեմ Դավթյանի` ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը` գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց նախկին փոխնախարարի պաշտպան Տիգրան Ղազարյանից, թե ինչ փուլում է գործը, եւ Արսեն Դավթյանից բացի ինչ մեղադրյալներ կան գործում ներգրավված, սակայն պաշտպանը հրաժարվեց հայտնել` նշելով, որ նախաքննություն է ընթանում: Մեր հարցին` եթե դատարանը սահմանել է գրավի չափը, ապա ե՞րբ ազատության մեջ կլինի փոխնախարարը, պաշտպանը հայտնեց, որ իրենք Արսեն Դավթյանի հարազատներին են հայտնել գումարի չափի մասին եւ այլ տեղեկություն չունեն: Այսինքն՝ պաշտպանները հարազատներին հայտնել են, որ գումար ճարեն, վճարեն գրավը, որ արդեն նախկին փոխնախարարին ազատ արձակեն կալանքից:
ԿՐԿԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի` գումարի չափ չեն նշել, թողել են դատարանի հայեցողությանը: Ենթադրվում է, որ միջնորդությունը կքննի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որին եւ մակագրվել է Քոչարյանի եւ մյուսների գործը: Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը կրկին կալանավորվել էր հունիսի 25-ին: Ռ. Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քր. օր. 300.1-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):
ԱՐՏԱՀԵՐԹ
Ազգային ժողովն այսօր` 10:00-ին, Կառավարության նախաձեռնությամբ կգումարի արտահերթ նստաշրջան. օրակարգում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին հարցերն են:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Քննարկվել է 2019թ. առաջին կիսամյակի ծրագրերի կատարման ընթացքը: Ա. Դավթյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման եւ ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:
ԾԵԾԿՌՏՈՒՔ
Արագածոտնի մարզում երեկ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց. ոստիկաններին հաջողվել է կանխել Աշտարակ քաղաքի վիճաբանություն-ծեծկռտուքը: Մի քանի քաղաքացիներ իրար հետ վիճել են եւ միմյանց փոխադարձ հարվածներ հասցրել: Իրավապահները 3-ին վնասազերծել են, որոնցից 1-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել: 3-ն էլ բերման են ենթարկվել Աշտարակի բաժին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
ԿԱՆԽՎԵԼ Է
Երեկ ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձել են ինքնասպան լինել` նետվելով Երեւանի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը ինքնասպանության փորձը քաղաքացիների ուժերով կանխվել է: